Կենսաոճ

Ամերիկյան Forbes–ը հրապարակել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշների անունները։ Առաջին տեղում է Apple ընկերությունը, որի ապրանքանիշը գրեթե կրկնակի թանկ է Forbes–ի վարկանիշի ցանկացած այլ ապրանքանիշից` 145,3 մլրդ. դոլար։ Վարկանիշի երկրորդ տեղում Microsoft ընկերության ապրանքանիշն է։ Դրա արժեքը գնահատվում է 69,3 մլրդ դոլար։ Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների թոփ–եռյակը եզրափակում է Google–ը։ Ընկերության ապրանքանիշը գնահատվել է 65,6 մլրդ. դոլար։ 

Վարկանիշը կազմելիս խմբագրությունը հաշվի է առել ընկերության շահույթը վերջին երեք տարիներին և ապրանքանիշի ազդեցության գործակիցը տարբեր բնագավառներում (օրինակ` լյուքս կարգի սպառողական ապրանքների ապրանքանիշը զգալիորեն ազդում է շահույթի վրա, իսկ ավիա և նավթային ընկերություններում` ոչ)։ 

100 ամենաթանկ ապրանքանիշների ցուցակում ներկայացված են 15 երկրների ապրանքանիշներ 20 բնագավառներից։ Հիմնականում գերակշռում են ավտոմոբիլային և բարձր տեխնոլոգիաների ապրանքանիշները։  

Վարկանիշի առաջին տասնյակում են նաև Coca-Cola ընկերության ապրանքանիշը` 56 մլրդ դոլար արժողությամբ, IBM-ը ($49,8 մլրդ.), McDonald’s-ը ($39,5 մլրդ.), Samsung-ը ($37,9 մլրդ.), Toyota-ն ($37,8 մլրդ.), General Electric-ը ($37,5 մլրդ.)։Թոփ–10–ը եզրափակում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշներից մեկը` Facebook–ը։ Սոցցանցի ապրանքանիշը գնահատվել է $36,5 մլրդ.։ Վարկանիշի քսանյակում են` 
Disney–ը, AT&T–ն, Amazon–ը, Louis Vuitton–ը, Cisco–ն, BMW–ն, Oracle–ը, Nike–ը, Intel–ը, Wal-Mart–ը։ -0-