Կենսաոճ

Գորիս քաղաքից ոչ հեռու գտնվող Տաթևի վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպայի ամենազարմանահրաշ զբոսաշրջային ուղղությունների ցանկում։ Ցանկը կազմել է Businessinsider.com.au–ն։

Աղբյուրի համաձայն, IX դարում կառուցված և բազալտե սարահարթի վրա գտնվող վանքը հիանալի պահպանվել է, և վանահամալիրի շուրջը գլխապտույտ առաջացնող տեսարաններ են բացվում։ 

Տաթևի վանական համալիրը գտնվում է Հայաստանի հարավում, ռազմավարական տեսանկյունից շահեկան և գեղատեսիլ մի անկյունում` Որոտան գետի կիրճի զառիվայր հատվածում` շրջապատված ժայռերով։ Դեռևս միջնադարում Տաթևը Հայաստանի կարևորագույն հոգևոր կենտրոններից էր, որն էական դեր էր խաղում երկրի ակադեմիական և հասարակական–քաղաքական կյանքում։ Վանահամալիրի տարածքում գործել է Տաթևի համալսարանը, որի ժառանգությունը պահպանվել է մինչև մեր օրերը, և որը ժամանակին Սյունիք նահանգի իշխանական տան քաղաքական հենարանն է եղել։ 

Տաթևի վանական համալիրում ընդգրկված են երեք եկեղեցիներ և մի քանի նշանակալի հուշարձաններ` Տատանվող սյունը, Գրիգոր Տաթևացու դամբարանը, վանախցերը, ինչպես նաև` առօրյա կյանքի և աշխատանքի կենցաղային տարածքները։ 

2010 թվականի հոկտեմբերի 16-ին «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակում բացվեց «ՏաԹևեր» ճոպանուղին։ 2010թ.–ի հոկտեմբերի 23-ին «ՏաԹևերը» գրանցվեց Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշքը` Տաթևի վանքը, արտաքին աշխարհի հետ է կապում ճարտարագիտական հրաշքը` 5.7–կիլոմետրանոց ճոպանուղին, որի ամենաբարձր կետը 320 մետր է։ «Տաթևերն» այսօր Հալիձոր գյուղը միացնում է Տաթևի վանքին։ -0-