Կենսաոճ

Սևանա լիճն ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ տարածքում ճանապարհորդական ուղղությունների լավագույն տասնյակում` National Geographic Traveler ամսագրի վարկածով, հայտնում է Travel.ru–ն։

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում ճանապարհորդությունների լավագույն թոփ-10–ում, որը խորհուրդ է տալիս NG Traveler–ը, բացի Սևանա լճից, ընդգրկված են Սանկտ Պետերբուրգը և Վիբորգը, Ղրիմի հարավային ափը, Կովկասյան լեռները, Պամիրը, Միներալնիե Վոդին և Պյատիգորսկը, Անդրբևեռաշրջանը, Սամարղանդն ու Իսիկ Կուլ լիճը, Անդրկովկասը, Կամչատկան, Ալթայը և Տիվան։

«Հայաստանում ձեզ կսովորեցնեն լավաշ թխել և ցույց կտան, թե ինչպես է պատրաստվում աստղերով կոնյակը, իսկ այնուհետև լեռներում կպատմեն, թե ինչպես կարելի է խումհարը բուժել տաք խաշով։ Սևանա լճի ցանկացած սրճարանում պատրաստում են իշխանն ինչպես միշլենովյան ռեստորանում և բաստուրմա են հյուրասիրում, որին կարելի է սիրահարվել մեկընդմիշտ»,– գրում է National Geographiс Traveler ամսագիրը։

Լավագույն ուղղությունների ցուցակը հրապարակվել է NG Traveler ամսագրի 2015 թվականի ապրիլ–մայիսյան համարում։ 

Ռուսերեն 110 հազար տպաքանակով հրատարակվող National Geographic Traveler ամսագիրը տարածվում է Ռուսաստանի ամբողջ տարածքում և ԱՊՀ երկրներում։

Travel.ru–ն ճանապարհորդությունների մասին ռուսական առաջատար պորտալ է, որի այցելուների թիվն ամսական կազմում է 2 միլիոն։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ 2030 թ.–ին լճի մակարդակը կբարձրացվի մինչև 1903,5 մ–ի։ -0-