Կենսաոճ

Զբոսաշրջիկների համար ևս մեկ վտանգ են մուրացկանները: Մուրացկանությունն արդեն վաղուց բիզնեսի մի ձև է, որը մեծ դիվիդենդներ է բերում: Ցնցոտիներով գունատ երիտասարդ կնոջ ձեռքին փոքր երեխայի խղճուկ տեսքը, ով իբր վիրահատության կամ հացի գումար չունի, ավելի շուտ ափսոսանքի և սրտացավության զգացում է առաջացնում, քան թե այն միտքը, որ տվյալ պատկերը զգացմունքների վրա ազդելու լավ ծրագրված ակցիա է` գումար ստանալու նպատակով: Մերժեք բոլոր մուրացկաններին, սովորեք նման իրավիճակներում հստակ ասել` ոչ:

Խոշոր քաղաքներում և զբոսավայրերում մուրացկանությունը 100%-նոց բիզնես է, որում ներգրավված են և երեխաներ, և ծերեր: Դուք երբևէ չե՞ք մտածել, թե ինչու գավառական փոքրիկ քաղաքներում գործնականում անհնար է թափառական մուրացկանի հանդիպել: Այդ բիզնեսը պարզապես այնտեղ զարգանալու հնարավորություն չունի` ոչ զբոսաշրջիկներ, ոչ բազմամիլիոնանոց բնակչություն:

Ոչինչ մի գնեք փողոցից: Դուք փողոցում հաճելի անծանոթի եք հանդիպում, ով թանկարժեք քարեր է վաճառում, ով արդեն ամեն ինչ վաճառել է տեղաբնակներին, իսկ արտահանման քվոտաները շատ խիստ են, միայն թե, բարեբախտաբար, օրենքն օտարերկրացիների վրա չի տարածվում, այդ պատճառով դուք ընդամենը շտապ պետք է էժան գնով թանկարժեք քար գնեք և վերավաճառեք այն հայրենիքում` համարյա միլիոնատեր դառնալով: Իհարկե, քարը, կպարզվի, այնքան էլ թանկարժեք չէ, այլ սովորական սինթետիկ կեղծիք է: «Ձեռքից» մյուս գնումները հղի են, առնվազն, խաբեությամբ` ապրանքի տեսանկյունից կամ խաբեությամբ` մանրադրամի հարցում, կամ էլ սովորական գողությամբ. մինչ դուք ուշադիր զննում եք ապրանքը` դնելով պայուսակը հատակին, գողերը բավականին ժամանակ են ունենում ազատելու ձեզ դրա պետքական և ամենաթանկ պարունակությունից:

Եվս մեկ վտանգ է տրանսպորտի վարձակալությունը: Եթե որոշել եք ավտոմեքենա կամ մոտոցիկլետ վարձակալել, մանրամասն կարդացեք վարձակալության պայմանագիրը և ստուգեք ավտոտրանսպորտի ապահովագրության առկայությունը, հակառակ դեպքում պետք է խոշոր գումարներ վճարեք փոքրիկ քերծվածքների և մաշվածությունների համար: Ուշադիր զննեք ավտոմեքենան նախքան ինչ-որ թղթեր ստորագրելը և գրանցեք բոլոր առկա վնասվածքները, նույնիսկ ավելի լավ է դրանք լուսանկարել` հետագա անհիմն մեղադրանքներից խուսափելու համար: Եվ անպայման ընթերցեք այն երկրի երթևեկության կանոնները, որտեղ ուղևորվում եք, դրանք կարող են բավականին տարբերվել ձեզ ծանոթ կանոններից:

Զգույշ եղեք օրենքի նկատմամբ: Դրա հետ կատակել չարժե: Ամենուր: Հիշեք, որ արտասահմանում դուք ենթարկվում եք այն երկրի օրենքներին, որտեղ գտնվում եք, այդ իսկ պատճառով պետք չէ ճակատագրի հետ խաղալ կամ փորձել այս կամ այն ձևով շրջանցել օրենքը, եթե դուք այդպես եք վարվում ձեր երկրում: Տուգանքները մի շարք երկրներում ավելի մեծ են, իսկ օրենքները` ավելի խիստ: Հանգիստը չփչացնելու համար լավ կլիներ ծանոթանալ տվյալ երկրի կանոնների և ավանդույթների հետ և կիսամերկ չզբոսնել, օրինակ, արևելյան երկրում: Օրինակ` Դուբայում պարեոյով սրճարան այցելելն էլ է արգելված: Չարժե նաև չարաշահել ալկոհոլն այն երկրներում, որտեղ այն արգելված է:

Զգուշացեք ալֆոնսներից: Օրինակ` Թուրքիայում, ըստ վիճակագրության, տղամարդկանց մեծամասնությունը, ովքեր հանդիպում ենք կանանց հետ, ալֆոնսներ են: Մկանուտ թուրքը կանի ամեն ինչ կնոջը դուր գալու և նրան չհիասթափեցնելու համար: Կարճաժամկետ սիրավեպը կարող է ավարտվել գավաթի մեջ ավելացրած քնաբերով և բոլոր թանկարժեք իրերի, կրեդիտ քարտերի և այլ արժեքավոր իրերի կորստով:

Եվ հիշեք, որ ուղտի վրա բարձրանալն ու նրա վրա նստած զբոսնելը կարող է անվճար լինել, իսկ ահա նրա վրայից իջնելը բավականին թանկ կարժենա: -0-