Կենսաոճ

Հայ հնագետների աղմկահարույց գտածոների, գիտնականների ծրագրերի, ինչպես նաև հայկական քաղաքակրթության բացառիկությունն աշխարհին ներկայացնելու անհրաժեշտության մասին է պատմում Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։ Ներկայացնում ենք «ԱՌԿԱ Style»–ի հետ ունեցած նրա բացառիկ հարցազրույցը։

– Պարոն Ավետիսյան, 2014 թվականը բավականին հատկանշական էր Հայաստանի համար հնագիտական բացահայտումների տեսանկյունից։ Ներկայացրեք, խնդրեմ, պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոների բացառիկ լինելու մանրամասները։ 

Ավետիսյան – 2014 թվականը հայկական հնագիտության պատմության մեջ է մտել պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ գտածոների շնորհիվ։ Դրանցից մեկի արդյունքներով կարելի է նույնիսկ խոսել հայագիտության սահմաններից դուրս գալու մասին։ Խոսքը Հրազդանի կիրճում նախամարդուն պատկանող աշխատանքային քարե գործիքների հայտնաբերման մասին է։ Այդ գործիքների մշակման համար օգտագործվել է բիֆացիալ և դրան փոխարինող լևալուազյան տեխնիկա, և պարզվել է, որ դրանց տարիքը կազմում է 325-330 հազար տարի։ Մինչ օրս համարվում էր, որ ուշ  Homo Erectus–ի կամ վաղ Homo Sapiens–ի տեսակը ձևավորվել է Աֆրիկայում, իսկ հետո տարածվել ողջ մոլորակով։ Այդ մարդը սովորել է Աֆրիկայում քար մշակել` լևալուազյան տեխնիկա օգտագործելով, որը փոխարինելու է եկել ավելի պրիմիտիվ բիֆացիալ տեխնիկային։ 

Ավելի վաղ, եթե Առաջավոր Ասիայում կամ Եվրասիայի տարածքում հայտնաբերվում էին լևալուազյան տեխնիկայով մշակած քարեր, միանգամից ասում էին, որ դա ուշ Homo Erectus է կամ վաղ  Homo Sapiens–ը, որն այստեղ է եկել Աֆրիկայից։ Նոր Գեղիում (Հրազդանի կիրճի մոտակայքում) կատարած պեղումների ժամանակ հաջողվել է պարզել, որ այստեղ աշխատանքային գործիքները հայտնվել են շատ ավելի վաղ շրջանում, քան նրանք, որոնք գտնվել են Աֆրիկայում։

Ընդ որում, բոլոր տվյալները վկայում են, որ այդ տեխնոլոգիան չի բերվել ինչ–որ այլ վայրից, այլ զարգացել է տեղում։ Այսինքն` Աֆրիկայից նախամարդու տարածման տարածքի մասին գերակշռող տեսանկյունը կարող է կասկածի տակ դրվել։ Առաջացել է նախամարդու առաջացման և տարածման արեալի մեկ այլ վարկած։ Այժմ անհրաժեշտ է գտնել համանման հուշարձաններ և ձեռքի աշխատանքներ, որոնք կհաստատեն մեր առաջադրած վարկածը։ Դա հիմք է տալիս կարծելու, որ գոյություն ունի Երկիր մոլորակի վրա կյանքի առաջացման ևս մեկ վարկած, բացի ավանդականից։ 

– Ուրիշ ի՞նչ բեկումնային իրադարձություններ են եղել 2014 թվականին հնագիտության ոլորտում։ 

Ավետիսյան – Մենք ամեն տարի շատ հետաքրքիր լուրեր ենք ստանում Արտաշատից։ Պեղումների ընթացքում մեր հնագետներն այնտեղ եկեղեցի են հայտնաբերել, հասարակական բաղնիքի մնացորդներ, այլ շինություններ։ Մենք շարունակում ենք գտնել դրոշմակնիքներ, որոնցով կնքվում էին նամակները, պատվոգրերը։ Իսկ դա վկայում է, որ այդ քաղաքում արխիվ է եղել։ Ընդ որում` կնիքները վերաբերում են III-V դարերին` Սասանյանների ժամանակաշրջանին։ Դրանք արքաների պատկերներով կնիքներ են։ Դրանցից յուրաքանչյուրն անգին է, և մենք արդեն մոտ 800 նմուշ ունենք։ 

2014 թվականին իրականացվել են 43 դաշտային հետազոտական ծրագրեր, որոնց մեծամասնությունը կապված է եղել հուշարձանների վերականգնման հետ։ Շատ կարևոր է, որ կառավարությունը, հասկանալով մեր աշխատանքի նշանակությունը, մեզ միջոցներ հատկացնի, որ պեղումներին զուգահեռ մենք սկսենք, մասնավորապես, վերականգնել և բարեկարգել Դվինի հուշարձանները։ Ավելի վաղ մեր պեղած օբյեկտները կրկին հողով են ծածկվել, կոնսերվացվել։ Այս տարի մենք նորից կսկսենք բացել այն, ինչ ժամանակին հայտնաբերվել է, որպեսզի Դվինը զբոսաշրջիկների համար գրավիչ տեսարժան վայր դառնա ։ Սա մեր գործունեության շատ կարևոր և սկզբունքային առումով նոր ուղղություն է։ Այդ կերպ էլ պատրաստվում ենք աշխատել Վայոց Ձորի Արենի գյուղում։ Նախատեսվում է այնտեղ արգելապատեր դնել, պատմական հուշարձաններին օտար մարդկանց հասանելիությունը կասեցնելու նպատակով, քանի որ դա հուշարձանների ավերման է հանգեցնում։ 

– Որո՞նք են 2015 թվականի ծրագրերը։ 

Ավետիսյան – Վերջին տարիներին մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել, հսկայական թվով նյութեր ենք հավաքել, որոնց զգալի մասը կարող է փոխել գիտնականների աշխարհայացքը ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաև տարածաշրջանում։ Այդ բոլոր աշխատանքները պետք է հրապարակվեն։ 

Հնագիտական հետազոտությունների երկրորդ փուլը նյութերի վերստեղծումն է, վերլուծությունը, այնուհետև` փոխանցումը համապատասխան թանգարաններին։ Մինչ օրս մենք կարծես հանում էինք «կաթի սերը»` հրապարակելով ամենասենսացիոն բացահայտումները, բայց մեր գտած նյութերի մեծ մասը դե բավարար չափով ուսումնասիրված չէ։  2015 թվականին դա կդառնա մեր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Կշարունակվեն պեղումները, որոնցից մի քանիսն իրականացվում են արտասահմանից ժամանած մեր գործընկերների հետ։ Անպայման կշարունակվեն պեղումները Դվինում, Արտաշատում, Արցախի Տիգրանակերտում։ 

Այս տարի մենք ծրագրում ենք Հայաստանում անցկացնել հանրապետական կամ միջազգային գիտաժողով, որի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն գիտական գործունեության արդյունքները։ Այնուհետև մենք կփորձենք հրապարակել այդ նյութերը, ինչը բարդ և ծախսատար գործընթաց է։ 

– Թերևս տպավորություն է ստեղծվում, որ համաշխարհային հնագիտության մեջ հայկական քաղաքակրթության դերն ու նշանակությունը պատշաճ կերպով չեն ներկայացված։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 

Ավետիսյան – Երբ մենք խոսում ենք շումերական կամ եգիպտական քաղաքակրթության մասին, ապա նկատի ունենք վաղ ժամանակաշրջանի քաղաքակրթություն` մոնումենտալ պատմական հուշարձաններով, որոնք մինչ օրս ցնցում են իրենց արժեքավորությամբ։ Երբ մենք խոսում ենք հայկական քաղաքակրթության մասին, ապա այն ժամանակաշրջանն այդքան էլ տպավորիչ չէր և չէր կարող մրցել վերոնշյալ ժամանակահատվածի հետ իր մասշտաբայնությամբ։ Բայց Հայկական լեռնաշխարհում ձևավորված մշակույթն Առաջավոր Ասիայի քաղաքակրթության մի մասն է և ունի իր առանձնահատկությունները, որոնք, անկասկած, մեծ ազդեցություն են ունեցել դրա զարգացման վրա։

Բայց կա ևս մեկ հանգամանք, որն անմիջական կապ չունի մեր նախնիների թողած մշակութային ժառանգության արժեքի հետ։ Շումերական քաղաքակրթությունը հայտնաբերել են և սկսել են ուսումնասիրել եվրոպացի գիտնականները, ովքեր ժամանել էին Եգիպտոս Նապոլեոնի հետ։ Նրանք այնքան գունեղ էին նկարագրել իրենց գտածոները եվրոպացիներին, որ խթանեցին զբոսաշրջիկների հոսքը դեպի Եգիպտոս։ Իսկ խորհրդային ժամանակների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի տարածքում պեղումները եվրոպացի փորձագետներն այդքան ակտիվ չեն լուսաբանել տարբեր պատճառներով։ Այսպիսով, հայկական քաղաքակրթությունն աշխարհին պատշաճ կերպով ներկայացնելու հարցը միայն բոլորովին վերջերս է ծառացել մեր առջև։ Մեր ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունն օտարերկրացի մասնագետներին Հայաստան հրավիրելն է, ովքեր գիտական հանրությանը պետք է փորձագիտական անկախ գնահատական ներկայացնեն հայկական քաղաքակրթության մասին։ Փորձը ցույց է տալիս, որ երբ այդ մասին խոսում են հայ փորձագետները, նրանց հաճախ մեղադրում են ազգայնականության մեջ։ -0-