Կենսաոճ

Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների համար ամենահարմար երկիրն է, քանի որ բավական փոքր տարածքում կենտրոնացած են շուրջ 3000 պատմաճարտարապետական հուշարձաններ, հինգշաբթի լրագրողներին ասաց միջազգային զբոաշրջության փորձագետ Հենրիխ Տեր–Մարկոսյանը։

«Մեր զբոսաշրջությունը կարելի է անվանել ճանաչողական. Դա «պատմական կլոնդայկ» է օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,– նշեց փորձագետը։

Նա պատմեց, որ ներկա պահին Հայաստանում զարգանում է զբոսաշրջության նոր ուղղություն` ագրոզբոսաշրջությունը։

Նրա խոսքով` օտարերկրյա հյուրերը մեծ պատրաստակամությամբ բնակվում են գյուղացիների տներում` հեռավոր հայկական գյուղերում։ Նրանք հիացած են ազգային գյուղական խոհանոցով, հայկական գյուղերում կյանքի և կենցաղի ծանոթությամբ։ «Նրանք նույնիսկ չեն ցանկանում հեռանալ»,– հավելեց Տեր–Մարկոսյանը։

Փորձագետի խոսքով` Հայաստանում պրոֆեսիոնալ կադրերի սուր կարիք կա. քիչ են բարձր որակավորում ունեցող էքսկուրսավարները, նրանց պետք է լրջորեն պատրաստել, ուսուցանել, քանի որ զբոսաշրջության ոլորտում նույնպես պետք է հայրենասերներ աշխատեն։

«Միայն անգլերեն կամ այլ օտար լեզուներ իմանալը բավարար չէ, պետք է իմանալ երկրի պատմությունը, մշակույթը, անհրաժեշտ է լուրջ նախապատրաստում և ընտրություն անցնել։ Չէ՞ որ խաղաքարտին դրված է երկրի հեղինակությունը»,– հավելեց նա։ -0-