Կենսաոճ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։

Կարծիք կա, որ եկեղեցին կառուցվել է X դարում, սակայն ըստ բազմաթիվ վկայությունների` եկեղեցին կառուցվել է շատ ավելի վաղ։ Դա են վկայում եկեղեցու պատուհանների զարդաքանդակները, ինչպես նաև այն, որ եկեղեցու շուրջ ավելի վաղ լրացուցիչ պատ է կառուցվել։ Նշանակում է` կրոնական նշանակությունից բացի, եկեղեցին նաև կիրառական նշանակություն է ունեցել, այսինքն` ծառայել է որպես պաշտպանական շինություն։

Եկեղեցու լավ պահպանված շենքը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում։ Հաշվի առնելով այն, որ Բյուրականում է գտնվում Վիկտոր Համբարձումյանի անվան աշխարհահռչակ աստղադիտարանը, իսկ օրեր առաջ այնտեղ է բացվել նաև Բյուրականի արվեստի ակադեմիան, կարելի է հուսալ, որ փորձագետները հետագայում կզբաղվեն Հայաստանի` քիչ ուսումնասիրված ճարտարապետական գլուխգործոցի` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուսումնասիրությամբ։ 

Եկեղեցին երկու մուտք ունի, որոնցից մեկն այժմ փակ է։ Եկեղեցու ճակատային մասում գտնվող խաչը մալթական քանդականախշերի ձև ունի։ Եկեղեցու շուրջ յուրօրինակ խաչքարեր կան։ 

Տեղացիների խոսքով` այդ խաչքարերից մեկը մի քանի տարի առաջ ներկայացվել է Ֆրանսիայում։ Այն թվագրվում է X դարով, սակայն փորձագետներ կարծում են, որ այն ավելի վաղ է ստեղծվել։ -0-