Պտղնավանքը կամ Պտղնիի տաճարը հայ միջնադարյան ճարտարապետության առավել հայտնի հուշարձաններից է։ 

Ցավոք, Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող քրիստոնեական այս եկեղեցին այսօր կիսավեր է։ Ճարտարապետության երբեմնի գլուխգործոցից պահպանվել են միայն հյուսիսային պատը, հարավային պատի արևելյան մասը և գմբեթի արևելյան հենարան–կամարը։ 

Ցավալի է, որ 6–րդ դարի վերջին, 7–րդ դարի սկզբին կառուցված գմբեթային դահլիճի տեսակի եկեղեցական շինությունների առավել վաղ և լավագույն նմուշներից մեկը հանդիսացող Պտղնավանքի եկեղեցին վերականգնելու և փրկելու համար որևէ տեսանելի քայլ չի ձեռնարկվում։

Նույնիսկ այն, ինչ պահպանվել է, օգնում է պատկերացնել, թե որքան հարուստ և վարպետորեն են կատարվել եկեղեցու ներքին հարդարանքն ու ճարտարապետական զարդանախշերը։ Դատեք ինքներդ` շքեղ կամարաձև շքամուտք, երկրաչափական և բուսական թեմաներով զարդաքանդակներ, մարդկանց, կենդանիների և թռչունների պատկերներ։

Երկրի հարավային կողմից դիմերեսին պահպանված պատուհանները չեն կարող աչք չշոյել իրենց ռելիեֆներով, որոնք վաղ միջնադարի հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներ են համարվում։ Դրանք Աստվածամոր, Հիսուս Քրիստոսի, առաքյալների պատկերներն են։ 

Եկեղեցին ունի նաև պատմական մեծ նշանակություն։ Բացի կրոնական պատկերներից, նշմարվում են նաև աշխարհիկ բովանդակության ռելիեֆներ, որոնք մեզ միջնադարյան Հայաստանի կենցաղի և ավանդույթների ուսումնասիրության նյութ են տալիս։ Այսպես, մի ռելիեֆը պատկերում է վիրավոր գազանին նետահարող հեծյալի։ Նշված է նաև հեծյալի անունը` Մանուել Ամատունի։ Կա նաև մեկ այլ պատկեր` առյուծի հետ մենամարտող նիզակակիր, ով, ամենայն հավանականությամբ, Մանուելի որդի Սահակն է։ -0-