Կենսաոճ

Գետարգել վանքը (մինչև XIII դար` Ձագավանք) մի քանի դար շարունակ իր պատերում է պահել «Սուրբ Նշան» մասունքը` փայտե խաչի մի մասը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը։ 

«Այդ մասունքը Գրիգոր Լուսավորչին է նվիրել հռոմեական հոգևորականությունը ձեռնադրության ժամանակ։ 1021 թվականին Տրապիզոնում հայկական և հունական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող միջեկեղեցական արարողության ժամանակ հրաշք է կատարվել»,– պատմում է Սմբատ քահանան։ 

Ըստ նրա, երբ երկաթյա խաչի մեջ շրջանակված մասունքը ջրի օծման ժամանակ ընկղմվեն գետը, ջուրը հետ է քաշվել։ Բազմաթիվ պատմաբաններ այդ հրաշալի երևույթը նկարագրել են իրենց աշխատություններում։ 

«1293 թվականին, երբ պարզ է դարձել, որ Կիլիկիայի թագավորությունը շուտով կփլուզվի, իսկ քրիստոնեական սրբատեղիները կպղծվեն, մասունքը տեղափոխվել է Արևելյան Հայաստանի Ձագավանք, որն այնուհետև վերանվանվել է Գետարգել»,– ասաց քահանան։ 

Նա նշեց, որ վանքի վերևում` բլրի վրա, այդ մասունքը պահելու համար հատուկ երկհարկանի մատուռ է կառուցվել։ 

«Այժմ այդ սուրբ մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մյուռոնօծման երեք մասունքներից մեկն է»,– ասաց սուրբ հայրը։ 

Գետարգել կամ Ձագավանք վանքը գտնվում է Առինջ գյուղից դեպի արևելք։ Վանքի ս. Նշան եկեղեցին ( 7-րդ դար ) պատկանում է եռախորան, փոքր խաչաթև գմբեթավոր հուշարձանների տիպին:Աբսիդները դրսից բազմանիստ են: Պահպանվել են սրբատաշ տուֆից կառուցված պատերի ստորին շարքերը: Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից են նրա հետ ընդհանուր գետնախարիսխ ունեցող փոքրիկ մատուռներ: Ս.Նշանից արևելք գտնվում է վանքի սրբատաշ դարչնագույն տուֆից կառուցված երկրորդ եկեղեցին ( 13-րդ դար )` երբեմնի երկհարկանի ( երկրորդ հարկը չի պահպանվել ), քառակուսի հատակագծով ( 5×5 մ ), առաջին հարկում ուղղանկյուն բեմով:

Ժողովուրդը մինչ օրս լեգենդ ունի, որ արաբ զավթիչները ցանկանում էին թալանել Առինջ գյուղը և սպանել բնակիչներին։ Իմանալով այդ մասին` գյուղացիները թաքնվում էին վանքում` ապավինելով Աստծո ողորմությանը։ Երբ զավթիչները մոտեցել են վանքին, հրաշք է կատարվել` երկայնքով հոսող գետն անսպասելի դուրս է եկել ափերից` խորտակելով թշնամու զորքը։ Այդ լեգենդն էլ հենց բացատրում է Գետարգել անվանումը։ -0-