Կենսաոճ

Դադիվանքը կամ Խութավանքը, որ նշանակում է «վանք բլրի վրա» հայկական վանք է, որի պահպանված հատվածները թվագրվում են XII-XIII դարերով, գտնվում է Արցախի Թարթառ գետից մեկուկես կիլոմետր դեպի հյուսիս։ Ճարտարապետական համալիրը գտնվում է 1100 մետր բարձրության վրա` անտառածածկ լեռան հարավային լանջին։ Մեծ է եղել այդ հայկական հոգևոր կենտրոնի նշանակությունը միջին դարերում։ Համալիրի պատմության, դրա ճարտարապետական առանձնահատկությունների, ինչպես նաև այն հնարավորությունների մասին, որոնք կարող են բացվել վանական համալիրի գտնվելու վայրում, պատմեց ճարտարապետ, պատմական հուշարձանների վերականգնման նախագծերի ստեղծող Սամվել Այվազյանը։ 

— Հակիրճ ներկայացրեք, խնդրեմ, Դադիվանք վանական համալիրի պատմությունը։ 

Այվազյան — Մեզ տեղեկություններ են հասել, որ համալիրը հիմնել է Հայաստանի արևմտյան հատվածում Քրիստոնեություն քարոզող և Քրիստոսի յոթանասուն աշակերտներից մեկի` սուրբ Թադևոս առաքյալի աշակերտ Սուրբ Դադին։ Ավանդությունը պատմում է, որ վանքը հիմնվել է հավատքի համար նահատակի մահապատժի վայրում։ Հենց ի հիշատակ նրան` համալիրը կոչվել է Դադիվանք։ 

Այն վարկածի մասին, որ համալիրը հիմնվել է մեր թվարկության 1–ին դարում, վկայում է նաև այդ դարաշրջանում քրիստոնեության տարածման փաստը։ Ցավոք, մենք չունենք հստակ տվյալներ, որոնք կհաստատեին այդ տեղեկությունները։ Պահպանված ամենավաղ փաստաթղթերը վկայում են այդ վայրում 12–րդ դարում կառուցված եկեղեցու գոյության մասին։ 

— Ի՞նչ է հայտնաբերվել պեղումների վայրում։ 

Այվազյան — Մեր ամենաարժեքավոր գտածոն այժմ Դադի անունը կրող շինության տակ դամբարանի հայտնաբերումն էր։ Այն հայկական քրիստոնեական ավանդույթներին  բնորոշ չէ. դամբարանում թաղված մարդը նստած է աթոռին։ Մենք գտել ենք այդ աթոռը, որն այժմ Ստեփանակերտի թանգարանում է, բայց չենք կարողացել պարզել մահացածի անձը։

— Ինչի՞ մասին է վկայում այդ դամբարանի գոյությունը։ 

Այվազյան — Որոշ գիտնականներ այդ դամբարանը թվագրում են 12–րդ դարով, ինչի հետ ես համաձայն չեմ։ Դա, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ դամբարան է։ Չեմ կարող հաստատ ասել, թե դա հենց Դադիի գերեզմանն է, բայց ենթադրում եմ, որ այն նրա հետ ուղղակի կապ ունի։ Իմ եզրակացության օգտին է խոսում 13–րդ դարի պահպանված գրառումը, որում հիշատակվում է Դադիի գերեզմանը։ Դամբարանը պահպանված ամենահին շինությունն է։ Առայժմ մենք այլ շինություններ չեն հայտնաբերել։ Մյուս շինություններն ավելի ուշ են կառուցվել։ 

— Դադիվանքի ճարտարապետամշակութային հարուստ ժառանգությունից ի՞նչ է պահպանվել մինչև մեր օրերը։

Այվազյան — Մինչև մեր օրերը հասել է 12–րդ դարում կառուցված բազիլիկը, որի շուրջ հետագայում ծավալվել է վանական համալիրը։ Պահպանվել է նաև Կաթողիկե եկեղեցին, որը համարվում է գլխավոր եկեղեցի, Վախթանգ իշխանի կնոջ` Արզու Խաթունի կառուցած մայր եկեղեցին։

— Ո՞րն է համալիրի բարգավաճման ժամանակահատվածը։ 

Այվազյան — Վանքի բարգավաճումը 13–րդ դարում էր, երբ այն դարձել էր հայ իշխանների նստավայր, ինչպես նաև տարածաշրջանի կարևոր հոգևոր կենտրոն։ 

— Գործու՞մ է, արդյոք, վանական համալիրը ներկայում, զբոսաշրջային այցելություններ լինու՞մ են։ 

Այվազյան — Որքանով տեղյակ եմ, այն գործող վանք չէ, թեև բաց է զբոսաշրջիկների այցելության համար։ 

— Հայտնի է, որ համալիրի տարածքում անցկացվել են վերականգնման աշխատանքներ, բայց դրանք չեն ավարտվել։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է դրանց շարունակումն այդքան կարևոր մեզ համար։

Այվազյան — Կարծում եմ, որ վերջնական վերականգնումից հետո մենք կարող ենք աշխարհին ներկայացնել պատմության, մշակույթի և ճարտարապետության տեսանկյունից կարևոր համալիր։ Վանական համալիրի վերականգնումը շատ կարևոր է ինչպես զբոսաշրջիկների և գիտաշխատողների, այնպես էլ տարածաշրջանի զարգացման, զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջային ենթակառուցվածքի սպասարկման ոլորտում աշխատատեղերի ստեղծման համար ընդհանուր առմամբ։ -0-