Կենսաոճ

«ԱՌԿԱ Style»-ը նոր նախագիծ է սկսում «Հայաստան՝ թանգարան բաց երկնքի տակ» խորագրով, որի նպատակն է ներկայացնել հինավուրց Հայաստանի ճարտարապետական և մշակութային արժեքները: Չնայած դրանք հեռու են բանուկ տուրիստական երթուղիներից, սակայն հաշվի առնելով գեղարվեստական նշանակությունը՝ դրանք պետք է ներկայացվեն աշխարհին, քանի որ մարդկության պատմամշակութային անգին ժառանգության մի մասն են: 

Նման ձեռակերտ հրաշքներից է Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ասես սավառնում է երկնքում: Սյունիքի նախկին մայրաքաղաքի եկեղեցին մեծ դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի հոգևոր կյանքում: 

Սուրբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է Արենիի կենտրոնում 1321 թ.-ին` իշխան Տարսայիճ Օրբելյանի պատվերով, միջնադարի հայտնի ճարտարապետ Մոմիկի կողմից: Այն մասին, որ Արենիի կենտրոնն այն ժամանակ գտնվում էր բլրի վրա, վկայում է ոչ եկեղեցին, այլև մինչև օրս պահպանված իշխանական պալատի ավերակները, ինչպես նաև բազմաթիվ խաչքարեր և գերեզմանաքարեր:

Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանում է իր նրբագեղությամբ և վեհությամբ` շնորհիվ դիրքի և շատ լավ տեսանելի է շրջապատի բոլոր կետերից; Այն զարդարված է քարե զարդաքանդակներով: Եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված  է «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին» հոյակերտ բարձրաքանդակը: Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա:  

Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։

Հատուկ հետարքրքություն է ներկայացնում եկեղեցու փայտե գավիթը, որը զարդարված է փայտե փորագրությամբ: 1840 թ.-ին երկրաշարժի պատճառով եկեղեցու գմբեթը քանդվել է, սակայն վերականգնվել է նախորդ դարում:

Անբացատրելի զգացմունքներ են առաջանում Սբ. Աստվածածին եկեղեցուն մոտենալիս: Ճանապարհի աջ կողմում` սարերի արտասովոր շարքերը, Արփա գետի հիասքանչ տեսքը, ձախ կողմում` Արենի գյուղը ու նաև վեր խոյացած տաճարի պատկերն, ասես, մարմնավորում են հավերժության, ներդաշնակության ոգին և խորհրդանշում սեփական ակունքների հետ միասնությունը:-0-