Կենսաոճ

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ճամփորդությունների համար նախատեսված քաղաքների վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Travel.ru տուրիստական պորտալը, գլխավորել է Երևանը` օրական 34 եվրո բյուջեով, գրում է «Նովոստի-Արմենիա»-ն:

«Բացառիկ մշակութային կենտրոնն ու գրավիչ և հյուրընկալ քաղաքը տոնական մթնոլորտ կտեղծի։ Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրը Էրեբունի թանգարանն է, որը գտնվում է Արին–բերդ բլրի ստորոտին։ Հենց այս վայրում մ.թ.ա. 782 թ.–ին գտնվել է Էրեբունի ուրարտական բերդաքաղաքը։ Թանգարանի ավելի քան մեկուկես հազար ցուցանմուշները կներկայացնեն շրջանի զարմանալի պատմությունը։ Երևանը հին, հարուստ պատմություն ունեցող և միաժամանակ ժամանակակից քաղաք է։ Այստեղ մթնոլորտը հագեցած է հույսով, հավատով և սիրով, ինչն այդքան սիրում են կանայք», – նշում են վարկանիշային աղյուսակի հեղինակները։ 

Travel.ru–ի վարկանիշում ներառվել են 20 ոչ թանկարժեք քաղաքներ, որոնք վերջին տարվա ընթացքում մեծ ճանաչում են ստացել իրենց հանգիստն ինքնուրույն կազմակերպող զբոսաշրջիկների շրջանում։ 

Երկու անձի համար նախատեսված ճամփորդության արժեքում ներառվեծ են մարտի 8–9–ը ոչ թանկարժեք հյուրանոցում բնակությունը, ճաշը սրճարանում կամ ռեստորանում և հայտնի տեսարժան վայրի այցելությունը։ 
Մարտի 8–ի կապակցությամբ ոչ թանկարժեք ճամփորդությունների լավագույն տասնյակում են հայտնվել (որտեղ հանգստի բյուջեն կազմում է օրական 34–52 եվրո) Նովի Սադը (Սերբիա)` 41 եվրո, Վիտեբսկը (Բելառուս)` 42 եվրո, Բիտոլան (Մակեդոնիա)` 43 եվրո, Կոնստանցան (Ռումինիա)` 46 եվրո, Տարտուն (Էստոնիա)` 47 եվրո, Գդանսկը (Լեհաստան)` 48 եվրո, Քութայիսին (Վրաստան)` 50 եվրո, Պլզենը (Չեխիա)` 51 եվրո և Կաունասը (Լիտվա)` 52 եվրո։ 

Ամենաթանկ քաղաքների եռյակում են հայտնվել Գերմանիայի Համբուրգ քաղաքը` օրական 73 եվրո, Տուրկուն` 91 եվրո և Բելգիայի Անտվերպեն քաղաքը` 94 եվրո։ –0–