Կենսաոճ

Մայիսի 8–ին Էլբրուսի գագաթը բարձրացած և այնտեղ հայկական ու արցախյան դրոշները տեղադրած հայ ալպինիստների խմբի անդամ Նարինե Ճաղարյանն «ԱՌԿԱ Style»–ին պատմել է, թե ինչ են զգում փխրուն աղջիկները Եվրոպայի ամենաբարձր գագաթին։

ԱՊՀ երկրների ալպինիստները, նրանց թվում նաև` հայ ալպինիստները, բարձրացել են Էլբրուս լեռը` գագաթին Հաղթանակի դրոշի կրկնօրինակը տեղադրելու համար։ Վերելքը իրականացվել է  «Հաղթանակ։ Հիշողություն։ Խաղաղություն» նախագծի շրջանակում։ Հայկական խմբի համար այդ օրը կրկնակի 
խորհուրդ ունի, քանի որ հենց մայիսի 8–ին է սկսվել Շուշիի ազատագրումը։ 

«Մեր խումբը բաղկացած էր երկու աղջիկներից և երեք տղաներից։ Վերելքի ժամանակ գլխավորը ոչ թե ֆիզիկական տվյալներն են, այլ գագաթը հասնելու կամքն ու համբերությունը։ Լինում են դեպքեր, երբ աղջիկները հասնում են հաջողության այն ժամանակ, երբ տղամարդիկ հանձնվում են»,– ասաց Ճաղարյանը։ 

Ըստ նրա, չնայած եղանակային վատ պայմաններին, հայ ալպինիստները Էլբրուսի գագաթ էին բարձրանում գագաթներ նվաճելու և բնության նկատմամբ ունեցած սիրո մղումով, կարևոր էր նաև սեփական անձին հաղթահարելու, սեփական հնարավորությունները բացահայտելու ձգտումը։

«Ամենաբարձր գագաթը, որը ես մինչ օրս նվաճել եմ, Արարատ լեռան գագաթն է (5137 կամ 5165 մետր տարբեր տվյալներով)։ Ինձ համար մեծ հարց էր` կկարողանա՞մ դրանից բարձր գնալ, թե՞ թթվածնի պակասն ինձ համար խոչընդոտ կլինի»,– ասաց Ճաղարյանը։ 

Վերելքին մասնակցել են հայ ալպինիստներից ուժեղագույնները` Էդուարդ Սարգսյանը, Շուշանիկ Ռուբենյանը, Արտաշես Մկրտչյանը, Վարդան Խաչատրյանը և Նարինե Ճաղարյանը։ Էլբրուսը հաղթահարած հայ ալպինիստները պարգևատրվել են Հաղթանակի և ալպինիզմի խորհրդանիշներով` ինքնաձիգի և սառցատապարի պատկերով կրծքանշաններով։ Վերելքին մասնակցած 300 ալպինիստներից միայն 20–ն են կարողացել գագաթին հասնել ուժեղ քամու պատճառով։ 

«Հաղթանակ։ Հիշողություն։ Խաղաղություն» նախագծի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Բելառուսի ալպինիզմի ֆեդերացիաները։ Վերելքին մասնակցել են նաև Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 300–ի։ -0-