Կենսաոճ

Դուբայը վաղուց հայտնի է իր ամենաբարձրահարկ շենքերով, թանկարժեք հյուրանոցներով, մեծ ձեռակերտ արշիպելագներով, և շուտով այնտեղ կարող է նաև թենիսի ստորջրյա կորտ կառուցվել, որն առաջինը կլինի աշխարհում։ Այս մասին գրում է Novate.ru ինտերնետային պորտալը։ 

Պարսից ծոցում աննախադեպ օբյեկտի` ստորջրյա թենիսի կորտի կառուցման հայեցակարգն առաջարկել է լեհ ճարտարապետ, «Concept Studio 8 + 8»  ճարտարապետական ընկերության սեփականատեր Կրիշտոֆ Կոտալան (Krzysztof Kotala)։

«Պետք է նշել, որ ստորջրյա կորտն այսօր միայն հայեցակարգ է, և Կոտալան դեռ հովանավորներ է փնտրում, քանի որ այս գաղափարը կյանքի կոչելու համար պետք է ինժեներական գլոբալ խնդիրներ լուծել։ Եթե թենիսի կորտերի ստանդարտ գմբեթների բարձրությունը կազմում է մոտ 10 մետր, ապա ստորջրյա նախագծում այն պետք է լինի առնվազն 33 մետր։ Նման չափերի կոր կոնստրուկցիաների կառուցման համար նանոցեմենտ և ածխածնային ապակի կօգտագործվի», – գրում է ինտերնետային պորտալը։ 

Նախատեսվում է, որ այս օբյեկտի կառուցման աստղաբաշխական արժեքն արագ կփոխհատուցվի կազմակերպվող մարզական միջոցառումներից ստացված եկամուտների և, իհարկե, հովանավորների հաշվին։ Նախագծի հեղինակները կանխատեսում են, որ լավագույն տեղերի տոմսերը սկզբում տասնյակ հազար դոլար կարժենան։

Այսօր Դուբայում թենիսի ոչ սովորական կորտ է գործում Բուրժ ալ Արաբ հյուրանոցի գագաթին։ -0-