Կենսաոճ

Հազարից ավելի մարդիկ «Քոչարի» հայկական ազգային պարն են կատարել Դոնի Ռոստովում, հայտնում է DonDay.ru–ն։

Մեկուկես հազար մարդ` երեխաներ և մեծահասակներ, ձեռք ձեռքի, սկսել են պարել Սուրբ Հարություն եկեղեցու բակում։ Աշխույժ պարն առանց դադարի տևել է 30 րոպե։

Առաջին անգամ Ռուսաստանում անցկացված անսովոր ակցիայի մասնակիցների թվում են եղել նաև պրոֆեսիոնալ պարողներ` պարային կոլեկտիվների սաներ, և մարդիկ, ովքեր պարի հետ որևէ կապ չունեն, բայց սիրում են հայկական մշակույթը։

Միջոցառմանն օժանդակել են ՀԴՕ–ում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը և Դոնի Նախիջևանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը, ովքեր չէին զիջում պրոֆեսիոնալներին պարի կատարման վարպետությամբ։

«Ակցիան անցկացվել է ի պաշտպանություն ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում պարն ընդգրկելու նախաձեռնությանը։ Հայաստանի Հանրապետությունը հայտն արդեն ուղարկել է այդ միջազգային կազմակերպությանը»,– DonDay.ru–ին պատմել է Դոնի հայ երիտասարդության միության նախագահ Բաբկեն Ասատրյանը։

Ըստ նրա` միջոցառումը պատահական չի անցկացվել հենց այդ քաղաքում. Դոնի Ռոստովում ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը։ 

Ակցիային սատարել են ոչ միայն մարզի տարբեր մասերից ժամանած բնակիչները, այլ նաև Կրասնոդարի երկրամասի ներկայացուցիչները` Արմավիրից հյուրերը։

«Քոչարի» պարն ազգային մշակույթի կարևոր տարրերից է և արտահայտում է ազգային կոլորիտի ողջ հարստությունը։

Գալով այդ միջոցառմանը` հայ երիտասարդությունը հերթական անգամ ապացուցեց, որ պատվում է մշակույթը և պահում իր ժողովրդի ավանդույթները, իսկ դա ազգային ինքնության պահպանման անհրաժեշտ գործոն է։

Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչները շնորհավորել են մասնակիցներին և վստահություն հայտնեցել, որ նմանատիպ տոները կդառնան բազմազգ Դոնի երկրամասի բարի ավանդույթ։ -0-

https://www.youtube.com/watch?v=g0mOBaNa6oE