Խոհանոց

«ԱՌԿԱ Style»–ը հրապարակում է «Սյունիքի խաշնտուր» կերակրատեսակի բաղադրատոմսը, որը սիրով ներկայացրել է շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանը։ Նա հաճույքով խոսել է կերակուրը պատրաստելու գաղտնիքների մասին։ «Խաշնտուր» բառը նշանակում է «խաշիր և տուր»: Հին ժամանակներում այս ճաշատեսակը պատրաստում էին կանաչ լոբով, սոխով և դդմով: Միաժամանակ Սյունիքի խաշնտուրը պատրաստվում էր ոչխարի մսով, սակայն կարելի է այն պատրաստել առանց մսի՝ կախված սեզոնից կամ Պահքի դեպքում:

Սա Սյունիքի խոհանոցի շատ հին բաղադրատոմս է, իսկ հին ժամանակներում դրա նմանակը կոչում էին «Բաղանի»: Ճաշատեսակի նախատիպը պահպանվել է նաև Արցախում, որտեղ ավելացնում են նաև մոշ, տարբեր տեսակի բույսեր և սոխ:
Այն մատուցվում է նաև որպես հիմնական ճաշատեսակ: Սյունիքի խաշնտուրի հետ ցանկալի է մատուցել թթի օղի` կավե ամանով: Այս կերակրատեսակը շատ օգտակար է նեֆրիտով տառապող հիվանդների համար, քանի որ դրա մեջ դդում կա:

«Սյունիքի խաշնտուր»

Բաղադրամասեր

Ոչխարի խաշած միս – 500 գ
Դդում – 250 գ
Սոխ– 100 գ
Արևածաղկի ձեթ – 20 գ
Լոլիկ – 100 գ
Աղ – 4 գ
Համեմունքներ – 5 գ
Կանաչի – 20 գ
Չորացրած դդում – 20 գ

Պատրաստման եղանակը

Ձեթը տաքացնել թավայի մեջ, սոխը փոքր–ինչ տապակել և ավելացնել ոչխարի կամ գառան` նախապես եփած միսը, համեմել նեխուրով, վրան շարել շերտ–շերտ կտրատած լոլիկները, ավելացնել մսի արգանակը։ Այնուհետև սամիթ ավելացնել և թավան ծածկել կափարիչով։ Երբ թավայի պարունակությունը հասնի եռման աստիճանի, հարկավոր է սպասել յոթ րոպե, այնուհետև մատուցել կավե ամանում։ -0-