Խոհանոց

«ԱՌԿԱ Style»–ը հրապարակում է շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանի բաղադրատոմսերի հավաքածուի հերթական կերակրատեսակը, որն արժանացել է ընթերցողների հավանությանը և կարող է միանգամայն արժանի կերպով հայտնվել  Ամանորի տոնական սեղանին։

«Արարատյան հագանի»

Բաղադրամասեր` 

Տավարի միս — 300 գ
Լոլիկ — 200 գ
Կանաչ սոխ — 50 գ
Արևածաղկի ձեթ — 20 մլ
Սմբուկ — 200 գ
Աղ, սև պղպեղ
Սպիտակ գինի — 150 մլ

Պատրաստման եղանակը` տավարի փափկամիսը մշակել աղով, պղպեղով, սպիտակ գինով և մի փոքր արևածաղկի ձեթով ու թողնել 6 ժամ։ Տաքացնել տապակը, արևածաղկի ձեթ լցնել, կտրատել միսը բթամատի չափի կտորներով և տապակել։

Այնուհետև կտրատել կանաչ սոխը և լցնել մսի վրա։ Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը, և ամբողջը լավ խառնել։ Այդ զանգվածի վրա լցնել «Աշտարակ» սոուս, ավելացնել խորոված, մանր կտրատած սմբուկը, խառնել։ Հատուկ նուրբ համ հաղորդելու համար կարելի է ավելացնել կանաչ կծու տաքդեղ։ 

Կերակրատեսակը պատրաստ է։ «Արարատյան հագանին» պետք է մատուցել կավե ափսեով` լավաշով ծածկած։

«Աշտարակ» սոուսի պատրաստման եղանակը`

Մանր կտրատել 50 գ ընկույզ և 50 գ սխտոր, ավելացնել սամիթ, աղ և պղպեղ, խառնել արևածաղկի ձեթի և քացախի հետ (25–ական գրամ)։ 

Բարի ախորժակ։ -0-