Խոհանոց

Հայկական լավաշը թխելու ավանդություններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։ Այդպիսի որոշում է ընդունվել նոյեմբերի 26–ին Փարիզում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի իններորդ նիստում։ 

«Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշումը փորձագետներն ընդունել են միաձայն և առանց ձևակերպումների փոփոխման»,– հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն իր հերթին նշեց, որ լավաշը ցուցակում ընդգրկելու հայտը բուռն արձագանք ստացավ մեր հարևան երկրում։ «Չնայած դրան` մենք հաջողության հասանք»,– ասաց Կաժոյանը։ 

Հայ ժողովրդի համար դարեր ի վեր ոչ միայն կենցաղային, այլ նաև ծիսական նշանակություն ունեցող, յուրօրինակ մշակութային ֆենոմեն դարձած հայկական լավաշի թխման հայկական հարուստ ավանդույթների վերաբերյալ տեսանյութեր, լուսանկարներ և այլ նյութեր կարելի է գտնել հետևյալ հղումով։  

Հարկ է նշել, որ այսպիսով ներկայացուցչական ցուցակը համալրվել է հայկական մշակութային ժառանգության չորրորդ նմուշով։ Այս ցանկում ներառված են նաև «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը», «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտերը։ -0-