Խոհանոց

Հայ խոհարարները մարտի 19–ին կմիանան «Ֆրանսիայի համը» համաշխարհային խոհանոցային նախագծին, տեղեկացվում է Ֆրանսիայի դեսպանատան Facebook–յան էջում։

Միջազգային նախագծի շրջանակում, որին մասնակցում են բոլոր մայրցամաքները ներկայացնող մոտ հազար բարձրակարգ խոհարարներ, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը մարտի 19–ին կմատուցվի ֆրանսիական ավանդական ընթրիք։

Միջոցառմանը կմասնակցեն նաև երկու երևանյան ռեստորաններ` «The Club»–ը (Ակումբ) և «The Park»–ը (Այգի)։ Ռեստորանների շեֆ-խոհարարները՝ Անահիտ Սարգսյանը (Ակումբ) և Դավիթ Հարությունյանը (Այգի) այդ օրը կառաջարկեն առանձնահատուկ ճաշացանկ, որը կարժևորի ֆրանսիական ավանդական խոհանոցը:

Այս միջոցառման նպատակը, որը կազմակերպել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, հանրահայտ խոհարար Ալեն Դյուկասի մասնակցությամբ, ֆրանսական գաստրոնոմիայի, նրա բարձրակարգ արժանիքների, նորարարության և բազմազանության փառաբանումն է: 

1912թ.–ին Օգյուստ Էսկոֆիեն (Auguste Escoffier) նախաձեռնել էր առաջին «Էպիկուրյան ընթրիքները» միևնույն ճաշացանկով միևնույն օրը աշխարհի տարբեր երկրներում։ 2015թ.–ին նույն գաղափարը հիմք դարձավ «Ֆրանսիայի համը» խոհարարական փառատոնի համար, որին կմասնակցեն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ռեստորանները։ Սա կլինի առաջին խոշոր համաշխարհային իրադարձություններից մեկը, որը կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից ֆրանսիական գաստրոնոմիան մարդկության ոչ նյութական ժառանգություն ճանաչելու կապակցությամբ։

«Ֆրանսիայի համը» փառատոնի շրջանակում Ֆրանսիայի դեսպանատան տեղեկատվական աջակցության շնորհիվ մասնակից ռեստորանների շեֆ–խոհարարները կկարողանան փորձ և գիտելիքներ փոխանակել։ -0-