Խոհանոց

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հայկական խոհանոցի սիրահարներին հաճելի նորություն հայտնեց. նախօրեին հայ խոհարարներին հաջողվել է վերականգնել մոռացված ազգային ճաշատեսակներից մեկի` «Խոյի բորանու» պատրաստման եղանակը։

«Բառացիորեն երեկ մենք պատրաստեցինք այդ ճաշատեսակը, և բավականին լավ ստացվեց։ Բացի այդ, հետաքրքիր է ճաշատեսակը մատուցելու բուն արարողությունը»,- ասաց Մամուլյանը։

Խոհարարը «ԱՌԿԱ Style»-ին ներկայացրեց վերականգնված ճաշատեսակի պատրաստման եղանակը։

Դրա համար անհրաժեշտ է եփել կարմիր բազուկ, եռացնել չորաթան, յուղով շատ սոխ տապակել, այնուհետև կտրատել բազուկը և շարել ափսեի մեջ, վրան` չոր լավաշ. այդպես մի քանի շերտ։ Այնուհետև բոլոր բաղադրիչների վրա լցնել չորաթանն ու տապակած սոխը և մատուցել։ 

«Սա շատ հետաքրքիր ճաշատեսակ է, որը բոլորին սեղանի շուրջ կհավաքի։ Ես այս բաղադրատոմսը չեմ հանդիպել Հայաստանի տարածքում, և կարելի է ասել, որ դրա պատրաստման ավանդույթը մոռացվել էր»,- պարզաբանեց Մամուլյանը։

Ասուլիսին հայտնի շեֆ-խոհարարը պատմեց նաև, որ հայ խոհարարներն այժմ աշխատում են հայկական միջնադարյան Անի քաղաքի խոհարարական ավանդույթների վերականգնման ուղղությամբ։

«Հետագայում մենք ծրագրում ենք վերստեղծել Կիլիկյան Հայաստանի խոհարարական ավանդույթները, և անպայման կանենք դա»,- ասաց Մամուլյանը։

Ընդհանուր առմամբ խոհարարը կարծում է, որ հայկական խոհանոցի ավանդույթները ավելի լավ պահպանվել են սփյուռքում, քան Հայաստանում։

«Արտերկրում բնակվող մեր շատ հայրենակիցներ չգիտեն հայերեն և քիչ են ծանոթ հայկական մշակույթին, սակայն անգամ նրանք պահպանում են խոհարարական ավանդույթները, ինչն օգնում է նրանց պահպանել իրենց ազգային ինքնությունը»,- ասաց Մամուլյանը։ -0-