Խոհանոց

Մայիսի 16–ին Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի տարածքում անցկացվեց տոլմայի ամենամյա փառատոնը։ Հինգերորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցները համաշխարհային ռեկորդ սահմանեցին և տասը մետր երկարություն ունեցող տոլմա պատրաստեցին։ 

Տոլմայի հերթական փառատոնի ամենաերկար տոլման պատրաստեցին «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանի խոհարարները, և ռեստորանը դարձավ փառատոնի գլխավոր մրցանակակիրը։

«Փառատոնի շրջանակում ներկայացվել էր տոլմայի շուրջ 90 տեսակ, որոնց բաղադրատոմսերը մենք կներկայացնենք մոտ ապագայում հրատարակվող հատուկ գրքում»,– ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Նա նշեց, որ փառատոնին մասնակցել են 27 ռեստորաններ և տարբեր հասարակական կազմակերպություններ։

Փառատոնի նպատակն է  հանրաճանաչ դարձնել տոլման, ներկայացնել հայկական մշակույթն ու յուրօրինակությունը», – ընդգծեց Մամուլյանը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանն իր հերթին նշեց, որ նախորդ տարիների համեմատ` այս տարվա փառատոնն ավելի  կազմակերպված ու հետաքրքիր է անցել, փառատոնին մասնակցել են մեծ թվով զբոսաշրջիկներ և տարբեր մարզերից ժամանած հյուրեր։

Փառատոնն ավարտվեց հաղթողների ավանդական մրցանակաբաշխությամբ։ «Լավագույն համ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրին «Քուրսի խմբի» խոհարարները, նույն անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրին «Մանջարե» սրճարանի խոհարարները, իսկ երրորդ տեղը` « Լավացցա» ռեստորանի խոհարարները։ «Լավագույն գաղափար» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրին «Տրիո» թիմի խոհարարները, երկրորդ տեղը` «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի ռեստորանի խոհարարները, երրորդ տեղը` խոհարար Արսեն Թովմասյանը։

«Լավագույն ձևավորում» անվանակարգի հաղթող ճանաչվեց «Ազնավուր» ռեստորանը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Կասա դե Իսպանիա» (Casa de Ispania) ռեստորանը, երրորդ տեղը` «Մանջարե» սրճարանը։ -0-