Խոհանոց

Լուսանկարը՝ Ալեքսանդր Սլյադնևի

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով ընդգրկված է The British Journal of Photography–ի վարկածով Food–լուսանկարիչների լավագույն հարյուրյակում, վերադարձել է Food & Chef նախագծի շրջանակում Հայաստանի մարզեր կատարած գաստրոնոմիական տասնօրյա ուղևորությունից։ 

Տասնյակ միմյանցից տարբեր խոհարարական ավանդույթներ, ավելի քան հիսուն կերակրատեսակ, բացառիկ բաղադրատոմսեր, կերակրատեսակների և խոհարարների անհավանական լուսանկարներ` ահա այսպիսի հարուստ «ավարով» է վերադարձել Ալեքսանդրը հոկտեմբերի 22-31–ը կատարած ուղևորությունից։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»–ին է հայտնել խոհարար, Food Adventures–ի հիմնադիր Աննա Մազմանյանը, ով էլ հրավիրել էր Սլյադնևին Հայաստան` ամբողջ աշխարհի գուրմաններին մեր երկիրը որպես գաստրոնոմիական տուրիզմի ուղղություններից մեկը բացահայտելու նպատակով։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Սլյադնև​ի

Ալեքսանդրին հյուրընկալել էր Թուֆենկյան հյուրանոցային ցանցը, որի ռեստորաններն առաջարկում են ազգային կերակրատեսակներ` Արևմտյան և Արևելյան Հայաստանի ավանդույթներով։ 

Ուղևորության արդյունքները կարելի է տեսնել հեղինակի բլոգում և  Food & Chef նախագծի կայքում։ Այստեղ կան բազմաթիվ հետաքրքիր նյութեր, իսկ շուտով հասանելի կլինեն ոչ միայն Հայաստանի գեղատեսիլ վայրերի, այլ նաև կերակրատեսակների, խոհարարների լուսանկարներ, ինչպես նաև լուսանկարներում պատկերված ամբողջ համեղ տեսականու բաղադրատոմսերը։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Սլյադնևի

Հայաստանում գտնվելու ընթացքում Ալեքսանդր Սլյադնևը նաև Food-լուսանկարչության վարպետության դաս է անցկացրել, որը կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 24–ին Երևանի The Green Bean Coffee Shop–ում։ «Այստեղ հավաքվել էին նրանք, ովքեր ցանկանում էին սովորել կամ բարձրացնել իսկական կերակրի լուսանկարչության վարպետությունը` առանց մեքենայի յուղերի, մեղրամոմի և այլ հնարքների, որոնց հաճախ են դիմում Food-լուսանկարիչները»,– գրել է Մազմանյանը։

Լուսանկարը՝ ԱՌԿԱ Style/Ասատուր Եսայանց

Վարպետության դասի ֆոտոշարն ու մանրամասն տեղեկությունը հետևյալ հղումով։

Հայաստանում Food & Chef նախագծի նկարահանումների հիմնական գաղափարը ազգային յուրահատուկ գծեր ունեցող և ողջ աշխարհի գուրմանների ու գնահատողների ուշադրությանն արժանի հայկական խոհանոցի ավանդույթների մասսայականացումն է։ 

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի տեղեկատվական հովանավորն է։ -0-