Խոհանոց

«ԱՌԿԱ Style»-ի կայքում վերջերս մի հոդված հրապարակվեց, որտեղ հայտնի շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանը հիացմունքով պատմում էր հայկական խոհանոցի նրբությունների մասին` հատկապես նշելով ավանդական, սակայն այսօր արդեն գրեթե մոռացված ազգային ճաշատեսակները։ Այդ նյութը մեծ հետաքրքրություն առաջացրեց համադամասերների և պարզապես հայկական խոհանոցի սիրահարների շրջանում։ Խմբագրություն էին զանգում մարդիկ` խնդրելով հրապարակել այդ բաղադրատոմսերը։ Դա առիթ դարձավ, որպեսզի մեր կայքի «Խոհանոց» բաժնում հատուկ «ԱՌԿԱ Style»-ի ընթերցողների համար պարբերաբար հրապարակենք հայկական ճաշատեսակների բաղադրատոմսերը, որոնք կարող են ոչ միայն զարդարել տոնական սեղանը, այլև համեղ ու սննդարար ճաշատեսակներ նախընտրող մարդկանց առօրյա ճաշացանկում ընդգրկվել։ 

«Տապակա Նիգավան»

Բաղադրամասեր.

Տավարի միս — 400 գ
Գազար -200 գ
Սխտոր -1 գլուխ
Խակ մոշ — 80 գ
Սամիթ – մի քանի ճյուղ 
Ընկույզ — 10 գ
Սպիտակ գինի — 10 մ/լ
Աղ – ըստ ճաշակի  

Պատրաստման եղանակը. Տավարի միսը մշակել աղով, պղպեղով, սպիտակ գինով և մի քիչ  արևածաղկի յուղով` թողնելով այդպես 6 ժամ։ Այնուհետև տաքացրած տապակի մեջ լցնել խորանարդաձև, ճկույթի երկարությամբ կտրատած գազարը, խառնել մանր կտրատած սխտորի հետ և դնել թույլ կրակին, մի քանի րոպե անց ավելացնել արևածաղկի յուղը և մսի կտորները։ Տապակի ողջ պարունակությունը տապակել մինչև միսը կարմրի։ Այնուհետև ավելացնել մոշը և սամիթը։ Տապակը ծածկել կափարիչով և 2-3 րոպե անց մատուցել պատրաստի ճաշատեսակը` այն դնելով լավաշով ծածկած կավե ափսեի մեջ։ 

Բարի ախորժակ։