Խոհանոց

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով The British Journal of Photography-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրյակում, հոկտեմբերի 22-31-ը առաջին անգամ կայցելի Հայաստան` Food & Chef միջազգային նախագծի շրջանակում:

Այցելության կազմակերպիչ, խոհարար և Food Adventures-ի հիմնադիր Աննա Մազմանյանը «ԱՌԿԱ Style»-ին նշել է, որ նախագծի նպատակն է լուսանկարել ոչ միայն ճաշատեսակները, այլ նաև դրանց ստեղծողներին:

Հենց նման նպատակ ունի Ալեքսանդր Սլյադնևը` լուսանկարելով աշխարհի լավագույն ռեստորանների շեֆ-խոհարարներին և նրանց գլուխգործոցները:

Լուսանկարիչն արդեն եղել է աշխարհի հարյուրավոր խոհանոցներում` ծանոթացնելով մեզ այն մարդկանց հետ, ովքեր, որպես կանոն, միշտ մնում են կադրի հետևում` միաժամանակ լինելով գլխավոր դերակատար:

Food & Chef նախագծին մասնակցել են տարբեր ուղղությունների բազմաթիվ խոհարարներ աշխարհի շատ երկրներից` Սինգապուրից, Մալայզիայից, Հոնկոնգից, Չեխիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից և բազմաթիվ այլ երկրներից: Նախագծի լուսանկարներին կարելի է ծանոթանալ foodnchef.com պաշտոնական կայքում:

Ալեքսանդր Սլյադնևի ստեղծագործության հիմնական ուղղվածությունը սննդի լուսանկարումն է, և այստեղ նա մեծ հաջողությունների է հասել:

Food-լուսանկարների վարպետը նաև Food TV հայտնի հեռուստաալիքի ռեժիսորն է, նա աշխարհի տարբեր երկրներում կանոնավոր կերպով հանդես է գալիս դասախոսություններով և վարպետության դասեր է կազմակերպում` նվիրված food-լուսանկարչությանը:

Հայաստանում միջոցառումն անցկացվում է Թուֆենկյան հյուրանոցների ցանցի աջակցությամբ:

Հայաստանում Food & Chef նախագծի իրականացման հիմնական նպատակն է տարածել հայկական խոհանոցի ավանդույթները, խոհանոց, որն ունի իրեն բնորոշ ազգային գծեր` գուրմանների ուշադրությանն արժանի:

«ԱՌԿԱ Style»-ը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է: -0-