Խոհանոց

Եթե Ամանորն առանց «տարեհացի», «հասիլիկ–վասիլիկի» դիմավորես, շատ բան կկորցնես, կարծում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ–ի նախագահ, շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանը։ 

«Ավանդական հայկական տոնական ճաշատեսակներից մեկը «քաշիկան է» (հարիսայի տարատեսակ)։ Ընդ որում` հատկանշական է, որ ի տարբերություն հարիսայի` այդ ճաշատեսակը եփելիս չեն խառնում, քանի որ հավատում էին, որ այդ դեպքում պատերազմ չի լինի։ Հետաքրքիր է նաև «ամիչ» ավանդական ճաշատեսակը (լցոնած թռչուն կամ դդում)», – երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մամուլյանը։ 

Նրա խոսքով` չարժե վազել անիմաստ և նորաձև խոհարարական միտումների հետևից։ Ամանորը, ինչպես նշեց Մամուլյանը, տոն է ոչ միայն ստամոքսի համար, և այն չպետք է կապել միայն ուտելիքի հետ։ «Տոնին ընդառաջ հարկավոր է մաքրել տունը, մաքրվել անցյալի բեռից։ Իսկ Ամանորին հյուր գնալու ավանդույթը կապված է այն բանի հետ, որ Նոր տարվա սկզբին հարկավոր է մոռանալ հին վիրավորանքները», – ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ–ի նախագահը։

«Մենք երջանիկ ազգ ենք, քանի որ պահպանել ենք մեր ավանդական ճաշատեսակները։ Ավանդական ճաշատեսակները մեր նախնիների անգին պարգևն են», – ասաց Մամուլյանը։

Շեֆ–խոհարարը նաև խորհուրդ է տալիս չչարաշահել ուտելիքը, բավական է ճաշատեսակներ պատրաստել 2–3 օրվա համար, և մեծ ծախսեր չանել Ամանորի սեղանի համար։

Ինչ վերաբերում է տոնական կերակրատեսակներին, ապա Մամուլյանը նշեց, որ դա բոլորին հայտնի ավանդական ճաշատեսակներն են` չամչով փլավ, կանաչեղենից, ձկից պատրաստված ճաշատեսակներ, չրից պատրաստված կոմպոտ։

Ազգագրության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն իր հերթին նշեց, որ չի կարելի մոռանալ գլխավորի մասին և ուշադրությունը սևեռել երկրորդականի վրա։

«Տոնը լիցքաթափվելու և հանգստանալու ժամանակ է։ Նոր տարին միայն ուտելիքը չէ։ Ուտելիքը միշտ պայման է եղել անմիջական շփման համար։ Ամանորին գլխավորը ընդհանուր մասնակցությունն է տոնակատարությանը, էմոցիոնալ պատրաստվածությունը», – կարծում է ազգագրագետը։

Նրա խոսքով` ըստ ավանդույթի, հայ տնային տնտեսուհիները սեղանին դնում էին իրենց պատրաստված ճաշատեսակները։ Չէ՞ որ հայտնի է, որ ինչպես կդիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։

Նա նշեց, որ տոնական սեղանին պարտադիր պետք է աղանդեր լինի, մասնավորապես` ավանդական «չարազի» տեսքով, «պասուց տոլմա», միրգ։ –0–