Խոհանոց

Food-լուսանկարիչ Ալեքսանդր Սլյադնևը, ով The British Journal of Photography ամսագրի վարկածով ներառված է աշխարհի լավագույն food-լուսանկարիչների հարյուրամյակում, հոկտեմբերի 24-ին Երևանում առաջին անգամ վարպետության դաս կանցկացնի:

Հանդիպման կազմակերպիչ Աննա Մազմանյանը, ով խոհարար է և Food Adventures-ի հիմնադիրը, «ԱՌԿԱ Style»-ին պատմել է, որ միջոցառման մասնակիցները կկարողանան Ալեքսանդր Սլյադնևից սովորել սննդի լուսանկարների ստեղծում և մշակում,  կոմպոզիցիայի առանձնահատկություններն ու շատ այլ նրբություններ:

Վարպետության դասը կանցկացվի ժամը 12:00-ից մինչև 19:00-ն: Գործնական պարապմունքների համար կօգտագործվեն տարբեր ճաշատեսակներ, որպեսզի ներկաները կարողանան այլ աչքերով նայել սովորական ճաշատեսակներին:

Վարպետության դասին կարող են մասնակցել սկսնակ և պրոֆեսիոնալ լուսանկարիչները, ինչպես նաև նրանք, ովքեր պարզապես ցանկանում են ախորժալի տեսքով լուսանկարել սնունդը:

Վարպետության դասը բաղկացած կլինի տեսական և գործնական մասերից: Տեսական մասում Ալեքսանդր Սլյադնևը կպատմի food-լուսանկարչության տեխնիկայի տեսակների, կադրի հետ աշխատանքի սկզբունքների, կադրի փիլիսոփայության, food-ոճաբանության հիմունքների և այլնի մասին:

Ալեքսանդր Սլյադնև

Գործնական մասում մասնակիցները կաշխատեն ճաշատեսակների և կադրի կոմպոզիցիայի կառուցման, գույնի սխեմայի և բնական լուսավորության հետ: Վարպետության դասի ընթացքում լուսանկարված նկարները կգնահատվեն և կվերլուծվեն: 
Հատկանշական է, որ food-լուսանկարների համար կօգտագործվեն ոչ թե մուլյաժներ, այլ իսկական սննդամթերք:

Միջոցառման մասին տեղեկատվություն ստանալու և մասնակցության հայտ ներկայացնելու համար հարկավոր է դիմել foodadventures2012@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Սլյադնևն առաջին անգամ կայցելի Հայաստան հոկտեմբերի 22-31-ը Food & Chef միջազգային նախագծի շրջանակում:
«ԱՌԿԱ Style»-ը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է: -0-