Երևանի կոնյակի գործարանը նախօրեին ներկայացրել է «Հայաստան» լեգենդար կոնյակը, որը վերստեղծվել է կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանի բացառիկ բաղադրատոմսով։ 

«Տասը տարվա հնեցման «Հայաստան» կոնյակը ստեղծվել է 1940 թ.–ին, և 75 տարի հետո Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է «Հայաստանի» վերածնունդը` նման կերպով հարգանքի տուրք մատուցելով վարպետի հիշատակին և հայրենի երկրի նկատմամբ ունեցած նրա սիրուն», – շնորհանդեսի ժամանակ ասաց «Արարատ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը։ 

Նրա խոսքով` վերածնված «Հայաստան» կոնյակը կներկայացվի «Արարատի» շարքի համար ոչ տիպիկ արտաքին տեսքով։ Այնուամենայնիվ, նոր շիշն ու պիտակն առավելագույնս մոտեցված են երբեմնի լեգենդար «Հայաստանի» դիզայնին։ «Հայաստան» կոնյակը տարբերվում է կարմիր փայտի խորը և հագեցված գույնով` ոսկեգույն փայլով։ Կոնյակի բույրը սկսվում է շոկոլադի և դարչինի ջերմ ակորդներով` շեշտադրելով ցիտրուսային համը։ 

Վերածնված «Հայաստան» կոնյակը կներկայացվի «Արարատ» կոնյակների կոլեկցիոն տեսականու ներքո, ինչը ենթադրում է հետկուպաժային երեք և ավելի տարիների լրացուցիչ հնեցում։ Այս կոնյակի պարագայում հետկուպաժային հնեցման շրջանը կաղնեփայտյա տակառներում կազմում է մոտ տասը տարի։ 

Կոնյակը Ցեղասպանությունը վերապրած Մարգար Սեդրակյանի հայտնի կուպաժներից մեկն է։ Նա ավելի քան 40 տարի նվիրել է հայկական կոնյակագործությանը` ստեղծելով հայտնի կոնյակների աստղաբույլ, որոնց թվում են լեգենդար «Դվինը», «Ախթամարը» և «Նաիրին»։ Սոցիալիստական աշխատանքի հերոս և վարպետաց վարպետ Մարգար Սեդրակյանն արժանացել է նաև «Համտեսման ասպետ» ֆրանսիական հեղինակավոր կոչմանը։ –0–

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-