Գաջեթներ

eBay ընկերությունը ծրագրում է զգալիորեն վերաիմաստավորել այն, թե ինչպես ենք մենք հագուստ գնում խանութներում։ Այս սեզոնից սկսած` e-commerce հսկան, դիզայներ Ռեբեկա Մինքոֆի հետ համատեղ, «կախարդական հայելիներ» է թողարկում ապրանքանիշի առաջատար խանութներում, հաղորդում է Daily Dot-ը։  Այդ հայելիների հիմնական նպատակը մեր առցանց և իրական կյանքի շոփինգ-սովորությունները միավորելն է։ Այդ մասին գրում է Rusbase-ը։  

Հայելիները հսկա սենսորային մակերեսներ են, որոնց վրա գնորդները կարող են ընտրել «լուքեր» (անգլերեն look բառից), ընտրել իրեր, որոնք իրենց դուր են եկել և հանդերձարան պատվիրել (երբ ամեն ինչ պատրաստ լինի, հաճախորդը հաղորդագրություն կստանա)։

Այնուհետև հաճախորդին սպասում է ևս մի խելացի հայելի, որը հանդերձարան «կպատրաստի»` հաճախորդի կարիքներին համապատասխան։ Այնտեղ կարելի է մտնել, օրինակ, վերնաշապիկով և ժակետով, հայելին դրանք «ճանաչում է» և ընտրում համապատասխան պայուսակ։ Կամ այն հատուկ լուսավորություն կստեղծի` ըստ ձեր ցանկության` կախված այն բանից, թե ուր եք պատրաստվում գնալ այս կամ այն հագուստով։ Հայելին նաև սինխրոնացվում է սմարթֆոնի հավելվածի հետ և հիշեցնում, որ դուք արդեն գնել եք այն, ինչ դիտել եք, ինչի հետ կարող եք համադրել նոր իրը։ Վճարումը կատարվում է հանդերձարանում։

Խանութն իրենից ներկայացնում է ինտեգրված համակարգ։ Երբ մարդը խանութ մտնի, աշխատակիցներն արդեն կիմանան, թե ով է եկել և ինչ է արդեն գնել, այդ պատմության հիման վրա հաճախորդի համար ապրանքներ կընտրվեն։

Շատերը մտածում են, որ eBay–ը բացառապես առցանց վերավաճառող է, սակայն ընկերության առաքելությունն արդեն ուրիշ է` դառնալ հարթակ ցանկացած տեսակի առևտրի համար։ Եվ քանի որ առևտրի մեծ մասը դեռևս իրականացվում է ֆիզիկական աշխարհում, դրան հարկավոր է հարմարվել։ eBay–ի հայելիների փորձարկումն առաջին փորձը չէ խանութներում ներդնել լրացված իրականություն։ Օրինակ` Sephora օծանելիքի ապրանքանիշը համագործակցել է ModiFace–ի հետ և օգտագործել է խելացի մակերեսներ` դիմահարդարումը փորձելու համար։

Հիմա դժվար է ասել` կդառնա՞, արդյոք, eBay–ը «իրական» խանութների աշխարհի խոշոր դերակատարը, սակայն ուղղությունն ինքնին սպասված է։ Շարժական սարքերն ավելացնում են իրենց ներկայությունը ֆիզիկական աշխարհում և ավելի շատ են սահմանում մեր իրականությունը, այդ պատճառով նման փորձարկումները շուտով նորույթ չեն լինի, և խանութները ստիպված կլինեն զարմացնել գնորդներին տեխնոլոգիական տեսակետից։ -0-