Գաջեթներ

Հստակորեն կարելի է ասել, որ LG–ի «խելացի» ժամացույցներն այս սեզոնի գլխավոր աքսեսուարների շարքում են, գրում է Cosmo.ru–ն։

Քանի դեռ Apple–ն ու Swatch–ը պատրաստվում են թողարկել իրենց նոր մշակումները, հարավկորեական LG–ն ներկայացնում է մի մոդել, որն արտաքնապես առավելագույնս նմանեցրած է սովորական ձեռքի ժամացույցին։

LG–ի ներկայացուցիչները չժանգոտվող պողպատից պատրաստված Watch Urbane–ը   պատրաստել են հատուկ  Mobile World Congress 2015 ցուցադրության համար, որը կկայանա Բարսելոնայում մարտի 2-ից 5-ը։ LG–ում այն բնութագրում են որպես պրեմիում դասի ժամացույց, որը կարող են կրել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Ժամացույցը հասանելի կլինի երկու գունային տարբերակով` ոսկեգույն և արծաթագույն, իսկ կաշվե, հանովի գոտին կարելի է փոխել ցանկացած այլ, ավելի դուրեկան գոտիով։

LG Watch Urbane–ն աշխատում է Android Wear–ով, ունի 512 Մբ օպերատիվ և 4 Գբ ներկառուցված հիշողություն։ Ժամացույցից բացի, այն նաև էլեկտրոնային կողմնացույց է, ծանրաչափ, սրտի ռիթմը ստուգող սարք։ Սակայն այս բոլոր հնարավորություններն ուներ նաև 2014 թվականի աշնանը ներկայացված LG G Watch R ժամացույցը, այնպես որ, ըստ էության, փոփոխության է ենթարկվել միայն կորպուսը, որը դարձել է ավելի վայելչատես և դասական։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ժամացույցների ևս երկու մոդել կներկայացվեն։ Դրանցից մեկը կլինի Apple SmartWatch–ը, մյուսը` Swatch դյուրակիր սարքը, որը «խնձորային» սարքի մրցակից կդառնա բավականին կարևոր հատկության շնորհիվ`այն կաշխատի առանց էլեկտրական լիցքավորման։ -0-