Գաջեթներ

1900–ականների սկզբին երաժշտությունը թողարկվում էր տասը դյույմանոց սկավառակով, որը նվագում էր 78 պտույտ/րոպե արագությամբ։ Այդ ժամանակվա սկավառակները կարող էին հնչել միայն 3–5 րոպե, դա նշանակում էր, որ երաժշտության հեղինակը պետք է «տեղավորվեր» այդ ժամանակահատվածում, գրում է RT պորտալը։

«Եթե ժամանակը ավելացնեին, սկավառակի ակոսիկները պետք է արվեին իրար  չափազանց մոտ, ինչը կփչացներ ձայնի որակը», – պարզաբանել է Sony Music–ի արխիվի գրադարանի տնօրեն Թոմաս Թիերնին։ Այդպիսով` գրամաֆոնի սկավառակների զանգվածային թողարկման ամենասկզբից երաժիշտների ստեղծագործական գործունեության վրա տեխնիկական սահմանափակումներ էին դրվել։ Եթե երգը տևում էր 3 րոպե 15 վայրկյանից ավել, այն պարզապես չէր հնչում ռադիոեթերում։

Հրատարակությունը նշում է, որ բացառություններ կային, սակայն` ուրիշ ժանրերի համար։ Հայտնի ամերիկացի դաշնակահար, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Դյուկ Էլլինգթոնը կարող էր երկար երգեր ձայնագրել, սակայն ջազն ուրիշ կանոններ ուներ։ Փոփ երաժշտության աշխարհում բացառությունները հազվադեպ են։ «Օրինակներից մեկը «The Righteous Brothers» խմբի «You’ve Lost That Lovin’ Feelin’» երգն է (1964)։ Այն տևում էր 3 րոպե 45 վայրկյան։ Spector ձայնագրման ընկերությունը նշել էր, որ այն տևում է 3։05 րոպե, որպեսզի երգն ընդունեին ռադիոկայանում։ Ռոք երաժշտության կատարողներն իրենց առանձնապես չէին սահմանափակում։ Ժանրի արևածագին նրանք նվաճում էին ունկնդիրներին` տալով համերգներ և վաճառելով սկավառակներ ուսանողական քաղաքներում», – նշում է հրատարակությունը։

1965 թ.–ին  Բոբ Դիլանը, ով այն ժամանակ արդեն հայտնի երաժիշտ էր, ձայնագրել էր «Like a Rolling Stone» երգը, որը տևում էր վեցուկես րոպե։ «Columbia Records» ընկերությունը հրաժարվել էր ձայնագրել սինգլը, սակայն նրա աշխատակից Շոն Քոնսիդայնը երգի ձայնասկավառակն ուղարկել էր Մանհեթենում բնակվող մի դիջեյի։ Երգը մեծ հաջողության էր հասել և միանգամից հայտնվել էր այն ժամանակվա չարտերի առաջին եռյակում։ 

«Led Zeppelin» խմբի «Stairway to Heaven» երգը տևում է ավելի քան 8 րոպե, ինչը չի խանգարել նրան դառնալ լեգենդար։ Ժամանակի ընթացքում ռոք–խմբերը սկսեցին սինգլներ ձայնագրել ավելի հազվադեպ, իսկ ժանրի երկրպագուները սկսեցին նախընտրել երկարատև ստեղծագործություններ։

Նույնիսկ հիմա` համացանցի դարաշրջանում, պարտադիր չէ, որ փոփ կատարողներն իրենց մասին հայտարարելու համար օգտվեն ռադիոյից, սակայն, ամեն դեպքում, նրանք նախընտրում են հավատարիմ մնալ հին ձևաչափին։ Փորձագետների կարծիքով` պատճառն այն է, որ փոփ երաժշտության գլխավոր ունկնդիրները դեռահասներն ու երիտասարդներն են, ովքեր նախընտրում են հենց 3 րոպե և մի փոքր ավել տևողությամբ երգերը, հենց այսքան ժամանակ են նրանք ունակ կենտրոնանալ մեկ մեղեդու վրա։ 

«Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չնայած տեխնիկական առաջընթացին, երկար երգերը հազվադեպ են հայտնվում չարտերի բարձր հորիզոնականներում», – նշում է հրատարակությունը։ -0-