Գաջեթներ

Դեպի Հայաստանի և Արցախի պատմական հուշարձաններ տանող վիրտուալ եռաչափ (3D) ճանապարհորդություններ կարելի է կատարել «Հայկական Գանձեր» (Armenian Treasures) նախագծի միջոցով, որն արդեն հասանելի է նաև iOS-ների համար, հայտնում է նախագիծը հովանավորող «Լոկատոր» ընկերությունը։

App Store-ում օրեր առաջ տեղադրվել է iOS-ների համար նախատեսված հավելվածը, որը դեպի մի շարք հայկական պատմամշակութային համալիրներ վիրտուալ ճանապարհորդություններ կատարելու հնարավորություն է ընձեռում:  

App Store-ում տեղադրված «Armenian Treasures» հավելվածում հասանելի են Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի ճանապարհորդությունները, ընդ որում` Տաթև ճանապարհորդությունը կարելի է ներբեռնել անվճար: Մյուս ճանապարհորդությունները հնարավոր է ձեռք բերել սիմվոլիկ գնով՝ 0.99$:  

Նախագիծը ստեղծելու համար շուրջ 300 հազար դոլար է ուղղվել, որից 25-30 հազարը` մեկ 3D–ճանապարհորդության համար։ Ծրագիրը ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` «հավելյալ իրականություն» տեխնոլոգիայի կիրառմամբ։

Եկող տարվա ընթացքում նախագիծը հանդես կգա նորություններով, մասնավորապես կստեղծվի հավելված Android համակարգով սարքերի համար, ավարտին կհասցվի  ևս 4 պատմամշակութային հուշարձանների՝ Խոր Վիրապի, Նորավանքի, Սևանավանքի և Կեչառիսի եռաչափ ճանապարհորդությունները: 

Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող կից տեքստերը պատրաստվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Տեքստերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով։ -0-