Գաջեթներ

Հայ մշակողների Shadowmatic ճանաչված խաղն արժանացել է Apple Design Awards պատվավոր մրցանակի, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Triada Studio-ի տեխնիկական տնօրեն և ծրագրավորող Բագրատ Դաբաղյանը։

Triada Studio–ն հեղինակավոր մրցանակը ստացել է The Apple Worldwide Developers Conference (WWDC) 2015 համաժողովի ընթացքում, որն անցկացվել է հունիսի 8-12–ը Սան Ֆրանցիսկոյում։

Apple Design Awards–ը (ADA) հատուկ միջոցառում է, որը կազմակերպել է Apple կորպորացիան WWDC մշակողների իր ամենամյա համաշխարհային համաժողովում։

Միջոցառումը կոչված էր բացահայտել անկախ մշակողների` iOS և Mac OS X օպերացիոն միջավայրների համար ամենատաղանդավոր, նորարարական և լավագույն ծրագրային մշակումները։

Shadowmatic–ը հաղթող է ճանաչվել ArmNet Awards 2015–ի  «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված», ինչպես նաև «Նորարարություն» անվանակարգերում։

Արդեն վաճառքների հիթ և շատերի համար սիրված Shadowmatic–ը գործարկվել է այս տարվա հունվարի 15–ին։ Մշակողները դրա ստեղծման ուղղությամբ աշխատել են մոտ երեք տարի։ Հավելվածը հասանելի է 12 լեզուներով, շուտով կհայտնվի 13–րդը` հայերենը։

Խաղի էությունն այն է, որ խաղացողին առաջարկվում են տարբեր չափերի, ձևի, միացած կամ անջատ ֆիգուրներ, և նրանց առջև խնդիր է դրված` հավաքել այդ ֆիգուրներն այնպես, որ նրանց ստվերը կոնկրետ օբյեկտ դառնա։ -0-