Գաջեթներ

Եվրոպացի գիտնականների անցկացրած փորձի ընթացքում պարզվել է, որ էլեկտրոնային գրքերի նյութն ավելի վատ է հիշվում, քան սովորական գրքերինը։ Այդ մասին գրում է Passion.ru–ն։

Ժամանակակից սերունդն այդքան էլ ծանոթ չէ սովորական տպագիր գրքի տեսքին, գաջեթներն ամբողջովին ներխուժել են մեր կյանք։ Մեր օրերում երիտասարդները նույնիսկ պարապելիս նախընտրում են օգտագործել էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ։ Գրողներն անցնում են առցանց ռեժիմի, գրադարանների հիման վրա ստեղծվում են էլեկտրոնային կատալոգներ։

Անշուշտ, այս փոփոխությունները բազմաթիվ առավելություններ ունեն։ Էլեկտրոնային գիրքն ազատ հասանելիություն է ապահովում, ունի փոքր չափ և հարմար ձևաչափ։ Էլեկտրոնային գիրքը կարելի է ամենուր տանել, այն հեշտ է ընթերցել մետրոյում, գնացքում, նույնիսկ հերթ կանգնելիս կարելի է ժամանակ չկորցնել և մի քանի էջ կարդալ։ 

Սակայն եվրոպացի գիտնականների փորձը ցույց է տվել, որ էլեկտրոնային գրքերի նյութն ավելի վատ է հիշվում։ Փորձին մասնակցել է 50 մարդ, որոնց առաջարկել են կարդալ ամերիկացի գրող Էլիզաբեթ Ջորջի 28 էջանոց պատմվածքը։ Մասնակիցների կեսն ընթերցել է սովորական գիրքը, մյուս կեսն օգտվել է Amazon Kindle reader-ից։

Փորձի ավարտին թեստ է անցկացվել, որն օգնել է պարզել նյութի յուրացման աստիճանը։ Եզրակացությունն այսպիսին էր` էլեկտրոնային գրքերի սիրահարներն այդքան էլ լավ պատասխաններ չեն տվել։ -0-