Գաջեթներ

Ամեն ամիս սմարթֆոններում վերբեռնվող հավելվածների թիվը 2014 թ.-ին էականորեն նվազել է, վկայում են Մեծ Բրիտանիայում Deloitte ընկերության կողմից անցկացված ուսումնասիրության տվյալները: Հարցված տասը բրիտանացիներից ինը տեղեկացրել է, որ երբեք գումար չի ծախսում հավելվածների և բջջային այլ կոնտենտի վրա: «Մեծ Բրիտանիայում վերբեռնվող հավելվածների թիվը մոտեցել է իր սահմանագծին», — փաստում է Deloitte ընկերության վերլուծաբան Փոլ Լին:

«Բրիտանացիներն առաջիններից էին, ովքեր սկսեցին զանգվածային կարգով սմարթֆոններ գնել, այստեղ են աշխատում բջջային հավելվածների բազմաթիվ առաջատար մշակողներ, այդ պատճառով այս երկրի շուկան կարող է կողմնորոշիչ դերակատարություն ունենալ ողջ ոլորտի համար»: Այս մասին գրում է vedomosti.ru-ն:

Բրիտանացիների մասնաբաժինը, ովքեր երբեք հավելվածներ չեն վերբեռնում, նախորդ տարի նույնիսկ 20 տոկոս չի կազմել, իսկ այժմ գերազանցում է 31 տոկոսը: Իսկ կոնտենտ վերբեռնողների շրջանում ամսական վերբեռնումների միջինը թիվը տարվա ընթացքում նվազել է` 2,32-ից դառնալով 1,82: «Սմարթֆոնի՝ միջին վիճակագրական նոր սեփականատերն ավելի քիչ է հակված վերբեռնել հավելվածներ, ոմանց համար դա անհետաքրքիր է, իսկ ոմանց համար` չափազանց թանկ», — նշում է Լին: Սմարթֆոնից օգտվողներն արդեն ունեն իրենց անհրաժեշտ հավելվածներն ու չեն ցանկանում վերբեռնել անպետք հավելվածներ: «Որքան որակյալ է հավելվածը, այնքան երկար է այն ծառայում, և արդյունքում՝ մարդն անհրաժեշտ չի համարում ձեռք բերել լրացուցիչ հավելվածներ», — նշում է Լին:

Deloitte-ի եզրահանգումների հետ համընկնում են նաև King Digital Entertainment ընկերության զեկույցի տվյալները, այն զբաղվում է բջջայինների համար նախատեսված  Candy Crush Saga խաղի մշակմամբ: Դատելով խաղի վերբեռնման քանակից` այն կորցնում է ճանաչվածությունը սպասվածից ավելի արագ, և ընկերությանը չի հաջողվում փոխհատուցել այդ նվազումն այլ մշակումների հաշվին:

Վերջին ամիսներին Apple-ն ու Google-ը հրապարակել են սեփական ուսումնասիրությունների տվյալները, որոնք ցույց են տալիս, որ այդ ընկերությունների առցանց խանութների ճանաչվածության շնորհիվ, որոնք հավելվածներ են վաճառում, Եվրոպայում հաջողությամբ գործում է անկախ մշակողների մի հսկայական բանակ: Սակայն մշակողները սկսել են ավելի հաճախ մտահոգվել իրենց ոլորտի ֆինանսական հեռանկարների կապակցությամբ: Վերբեռնումների առյուծի մասնաբաժինը (իսկ դա նշանակում է նաև շահույթի մեծ մասը) բաժին է ընկնում առաջատար ընկերությունների շատ փոքր խմբին:

Լին նշում է, որ դեռ խոսք չկա բջջային հավելվածների շուկայի նվազման մասին: Ավելի մեծ թվով բաժանորդներ են օգտագործում սմարթֆոններ, ավելանում է նաև հավելվածների պատահական օգտատերերի թիվը, ովքեր, թեև, ավելի հազվադեպ են վերբեռնում դրանք:

Գոյություն ունեն վերբեռնման համար նախատեսված միլիոնավոր բջջային հավելվածներ, իսկ առցանց խանութները խաղադրույքը դնում են ոչ հայտնի հավելվածների վրա, ինչի հետևանքով նորույթների մեծ մասն աննկատ է մնում: «Սկզբնական փուլում սմարթֆոններ օգտագործողները շատ չէին, իսկ նոր ծրագիր գտնելը շատ ավելի հեշտ էր», — նշում է սմարթֆոնների մի քանի ծրագրերի մշակող և Appbot ընկերության (որը զբաղվում է հավելվածների շուկայի վերլուծությամբ) հիմնադիր Սթյուարթ Հոլը: «Հիմա շուկայի պայմանները անկախ մշակողների համար շատ ավելի դաժան են դարձել: Այժմ հավելվածների մեծ մասն անվճար է»: Appsfire գովազդային ընկերության գլխավոր տնօրեն Ուրիել Օհայոնն իր կողմից նշում է, որ 200 -300 առաջատար հիթերի ցանկում չհայտնված հավելվածները ծախսերը վերադարձնելու քիչ հնարավորություններ ունեն առցանց խանութների միջոցով տարածման դեպքում:-0-