Գաջեթներ

Գրանադայի (Իսպանիա) համալսարանի գիտնականները պարզել են, որ գիշերը բջջային սարքն անկողնու մոտ լիցքավորելու սովորությունը կարող է ավելորդ քաշի կուտակման հանգեցնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Independent -ին: 

Լիցքավորող սարքերի թույլ լույսը, ինչպես նաև լապտերների արձակած ցոլքերն ու միացրած հեռուստացույցի լույսը չափազանց բացասական ազդեցություն են գործում օրգանիզմում մելատոնինի արտադրման վրա։ Մելատոնինը` քնի հորմոնը, օգնում է կերած ուտելիքի և խմած ըմպելիքի արդյունավետ մարսման գործընթացին։

Այսինքն` քնած ժամանակ միացրած հեռուստացույցը, համակարգիչը կամ մահճակալի մոտ լիցքավորվող բջջային սարքը ավելացնում են ավելորդ քաշ կուտակելու և նույնիսկ շաքարախտով հիվանդանալու ռիսկը։ Օրգանիզմում առկա մելատոնինի մակարդակի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև նստակյաց կենսակերպն ու մեծ կալորիականություն պարունակող կիսաֆաբրիկատները։

Գիտնականները խորհուրդ են տալիս քնել լիակատար մթության մեջ, որպեսզի մելատոնինի արտադրմանը ոչինչ չխանգարի։ Նշվում է նաև, որ այդ նյութը մեծ խտությամբ առկա է մի շարք խոտաբույսերում ու համեմունքներում, մրգերում և ընկույզում։ -0-