Երևան այցելելու որոշում ընդունած զբոսաշրջիկները շուտով հնարավորություն կունենան ուսումնասիրել Հայաստանի մայրաքաղաքը մինչև շրջագայությունը` օգտվելով «Բացահայտենք Երևանը» (Exploring Yerevan) անվճար հավելվածից։  

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական խորհրդի անդամ, Հայաստանի վիրտուալ համալսարանի նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ հավելվածը հասանելի է iPad-ի և Mac-ի տերերի համար։

Նրա խոսքերով` բոլոր նրանք, ովքեր կներբեռնեն էլեկտրոնային գիրքը, կկարողանան տեսնել գրավիչ և պատմական տեսանյութեր, մոտիկից ճանաչել Հայաստանը։ 

Էլեկտրոնային գիրքն իսկական գյուտ է ինչպես նրանց համար, ովքեր որոշել են այցելել Երևան մեկ օրով, այնպես էլ նրանց համար, ովքեր որոշել են ճամփորդել Երևանում ու նրա արվարձաններում, տեսնել տեսարժան վայրերը։ 

Էլեկտրոնային գիրքը կօգնի զբոսաշրջիկներին արդյունավետ և հաճելի ժամանակ անցկացնել մայրաքաղաքում։ Ժամանակակից էլեկտրոնային ուղեցույցն առաջարկում է բազմաթիվ ծրագրեր և դրանց օգտագործման պարզ ձևեր։ Գրավիչ տեսահոլովակները, լուսանկարների և եռաչափ պատկերների հավաքածուները, քաղաքի մասին գրավիչ պատմությունները և ինտերակտիվ քարտեզները լրացնում են գրքի բովանդակությունը: 

Երվանդ Զորյանը հույս հայտնեց, որ գիրքը կօգնի Երևանն ամբողջ աշխարհում հայտնի դարձնել որպես զբոսաշրջային կենտրոն։

Ի սկզբանե հասանելի կլինի էլեկտրոնային գրքի անգլալեզու տարբերակը, բայց ավելի ուշ կլինեն նաև արևմտահայերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն տարբերակները։ 

«Մեր ժողովուրդը գրի ու գրականության հանդեպ միշտ էլ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք: Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք ու 2012 թվականին, մի ամբողջ տարի, հպարտությամբ ու պատվով կրեց այդ պատվաբեր ու պատասխանատու տիտղոսը: Մենք՝ հայերս, մշտապես առանձնացել ենք նաև նորն ու առաջադեմը արագ յուրացնելու հարցում: Նաև այս տեսանկյունից է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իսկապես շատ կարևոր ու շնորհակալ աշխատանք իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մեր 2796-ամյա մայրաքաղաքն այսպիսով աշխարհին ներկայանում է նաև որպես զբոսաշրջային քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ էլեկտրոնային գրքերը հետզհետե ավելի լայն կիրառում կունենան հասարակության շրջանում, ինչն իր հերթին կնպաստի գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: 

Շնորհանդեսի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև Երևանի բարեկարգման գործում ունեցած մեծ դերի և արդյունավետ գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՀԲԸՄ Ոսկե մեդալով: -0-