Ավտո

Երևան–Շուշի–Ստեփանակերտ ռետրոմեքենաների առաջին ավտոմրցավազքն է մեկնարկել ուրբաթ Հայաստանի մայրաքաղաքում կրկնակի տոնի` մայիսի 9–ին նշվող Հաղթանակի օրվա և Շուշի քաղաք–ամրոցի ազատագրման օրվա առթիվ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Արա Արզումանյանը, ավտոմրցավազքը կտևի մայիսի 8–ից 10–ը։

«40 տարեկանից բարձր ավտոմեքենաների մրցավազքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70–ամյակին և Շուշիի ազատագրման 23–ամյակին»,– նշեց նա։

Մայիսի 9–ը հայ ժողովրդի համար եռատոն է` Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը, 1992 թվականին Շուշիի ազատագրման օրը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։ Շուշիի քաղաք–ամրոցի ազատագրումը վճռորոշ նշանակություն ուներ Արցախյան ազատագրական պատերազմում հայկական կողմի հաղթանակի համար։

Ըստ նրա՝ մի քանի ամիս անընդմեջ անցկացվել է կոլեկցիոն լավագույն ավտոմեքենաների ընտրություն, որոնք պետք է համապատասխանեին մի շարք պահանջների, այդ թվում` տեխնիկական։

«Իրականում, ավտոմրցավազքին մասնակցել ցանկացողների թիվն ավելի մեծ էր։ Գաղափարը պատկանում է կազմկոմիտեի նախագահ Գագիկ Աղաջանյանին, ով ներկայացրել է գաղափարը Հայաստանի նախագահին, և նրա հովանու ներքո 2-3 ամիս առաջ մենք սկսել են պատրաստվել»,– ասաց Արզումանյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե ընտրվել է մոտ հարյուր ավտոմեքենա Երևանից և Հայաստանի մարզերից, բայց ավտոմրցավազքին թույլ է տրվել 22–ը, ավելացնելով, որ տեխնիկական տեսանկյունից նախատեսվել է ամեն ինչ։

«Առավոտյան մեկնում ենք։ Երեկոյան կգիշերենք Գորիսի հյուրանոցում, մայիսի 9–ին կլինենք Շուշիում և Ստեփանակերտում, իսկ մայիսի 10–ին կվերադառնանք Երևան»,– նշեց Ֆեդերացիայի նախագահի տեղակալը։

Ավտոմրցավազքի մասնակիցները ծաղկեպսակներ կդնեն Շուշիում և Ստեփանակերտում զոհված հերոսների հուշարձաններին, ինչպես նաև կմասնակցեն Ստեփանակերտի կենտրոնում անցացվելիք ցուցադրություն–շքերթին։

«Գիշերը մեքենաները կհսկվեն։ Արդեն պայմանավորվածություն ունենք ՊԱՏ աշխատակիցների, Արցախի իշխանությունների հետ։ Ամեն ինչ արված է բարձր մակարդակով, իսկ ճանապարհին մեզ զինծառայող կուղեկցի»,– ավելացրեց Արզումանյանը։ -0-