Գրքեր

Պատրիկ Զյուսքինդի ստեղծագործությունների սիրահարների համար Նոր տարվա իսկական նվեր դարձավ նրա «Օծանելիք» վեպի հայերեն թարգմանությունը։ Ընթերցողների շրջանում մի ժամանակ մեծ հետաքրքրություն առաջացրած գրքի, ինչպես նաև թարգմանության ընթացքի մասին պատմել է գրքի թարգմանիչ Կառլեն Մատինյանը։

«Թարգմանությունն իրականացվել է սեղմ ժամկետում, ընդ որում` զարմանալի արագությամբ գրքի վրա աշխատել են նաև խմբագիրներն ու սրբագրիչները։ Բանն այն է, որ երբ սկսում ես աշխատել այդ գրքի վրա, արդեն չես կարողանում կանգ առնել»,– երկուշաբթի ասաց նա «Օծանելիք: Մի մարդասպանի պատմություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ընթացքում։

Թարգմանչի կարծիքով` Գերմանիայում ծնված, Ֆրանսիայում կրթություն ստացած և Շվեյցարիայում ապրած Զյուսքինդը նաև բացառիկ մարդ էր, ինչպես իր գրքի հերոս Ժան Բատիստ Գրենույը։ 

«Բազմաշերտ և երկիմաստ է Ժան Բատիստ Գրենույի կերպարը, ում անունը հայերեն թարգմանվում է որպես Հովհաննես Մկրտիչ։ Մի կողմից` հանճարեղ անձնավորություն, ով կարողանում է զգալ աշխարհի բոլոր բուրմունքները և հավաքել դրանք, այսպես կոչված, բազայում, մյուս կողմից` սատանայական ուժ, որը մահացու էներգիա ունի»,– ասաց Մատինյանը։ 

Դրանով է պայմանավորված նույնիսկ գրողի համար այդ արտասովոր կերպարի զարգացումը։

«Չէ՞ որ ի սկզբանե Զյուսքինդը մտադիր էր «Օծանելիք» անվանումով փոքրիկ պատմվածք գրել։ Ստացվեց այնպես, որ հեղինակի կամքին հակառակ ստեղծագործությունը վերաճեց մեծ վեպի։ «Օծանելիք» գիրքը դարձավ 20–րդ դարում գերմաներեն լեզվով հրատարակված ամենամեծ տպաքանակով գիրքը, որը ցնցում է իր մոգական ուժով, էներգիայով»,– ասաց Մատինյանը։ 

Նրա խոսքով` «Օծանելիքը» մեզ տանում է բուրմունքների զարմանալի աշխարհ։ Գրքի ընթերցումն ամենահակասական զգացողություններ է առաջացնում` մի կողմից սրտակից ես Գրենույին, մյուս կողմից` հակակրանք ես զգում։ Մի կողմից` նա օժտված է աստվածային պարգևով, մյուս կողմից` դիվական ուժով։

«Այդ դիմակայությունը պարզ զգացվում է և անխուսափելիորեն մահվան է հանգեցնում։ Գրքի ավարտը շատ տրամաբանական է, այլ կերպ լինել չի կարող։ Կան մարդիկ, ովքեր փորձում են մեկնաբանել գիրքն այն տեսանկյունից, թե գեղեցկությունը, կինը, բույրն ինքնին կործանիչ ուժ են, միաժամանակ հեղինակի մտահղացմամբ` կինն ու գեղեցկությունն են զոհ դառնում»,– ասաց Մատինյանը։

«Օծանելիք: Մի մարդասպանի պատմությունը» գերմանացի դրամատուրգ և արձակագիր Պատրիկ Զյուսքինդի վեպն է։ Առաջին անգամ այն տպվել է Շվեյցարիայում 1985 թվականին։ Այսօրվա դրությամբ, այն ճանաչվել է Ռեմարկի ժամանակներից գերմաներեն լեզվով գրված ամենաճանաչված վեպը, որն ավելի քան 12 միլիոն օրինակ տպաքանակով բազմաթիվ հրատարակություններ է ունեցել։ 

«Մի մարդասպանի պատմությունը» պատմում է մի մարդու կյանքի մասին, ում «հանճարն ու ֆենոմենալ փառասիրությունը սահմանափակվում էին պատմության մեջ հետքեր չթողնող ոլորտով` բույրերի սավառնող թագավորությամբ»։ -0-