Գրքեր

IndieGoGo կայքում միջոցներ են հավաքվում ամերիկացի գրող Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Երգ սառցի և հրո» վիպաշարի առաջին հատորը՝ «Գահերի խաղը» հայերեն թարգմանելու համար։ 

Արշավը մեկնարկել է փետրվարի 9-ին և կշարունակվի մինչև ապրիլի 10-ը։

«Շատերդ եք դիտել սերիալը: Շատերդ սպասում եք հերթական սեզոնին: Գիրքը կարդացողները ևս քիչ չեն: Մենք ուզում ենք գիրքը կարդալ հայերեն: Ուզում ենք, որ մեր հայրենակիցներն էլ կարդան»,- նշել են Indiegogo.com կայքում դրամահավաքի կազմակերպիչները։

Կազմակերպիչները նշել են նաև, որ թարգմանիչ կա, բայց գրքի (գրքերի) ծավալը մեծ է, շատ մեծ: Ամեն մի հատորը ամիսների աշխատանք է ենթադրում: «Գործը պետք է ֆինանսավորել, ինչի համար էլ բացել ենք այս դրամահավաքը»,-նշում են նախաձեռնության հեղինակները կայքում:

Անհրաժեշտ գումարը 2500 դոլար է, կազմակերպիչների կարծիքով` դա շատ չէ նման աշխատանքի համար։
Նշենք, որ Facebook սոցցանցում բացվել է նաև էջ, որտեղ կարելի է հետևել նորություններին և տեսնել «Գահերի խաղը» գրքի թարգմանված և չխմբագրված հատվածները։ -0-