Գրքեր

Փետրվարի 17–ին Երևանում կայացավ Սպենսեր Ջոնսոնի «Ու՞ր է իմ պանիրը» հանրահայտ գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Սպենսեր Ջոնսոնի «Ու՞ր է իմ պանիրը» գրքում ներկայացված են ինչ–որ Լաբիրինթոսում տեղի ունեցող իրադարձությունները։ Գրքի չորս կերպարները պանրի կտոր են փնտրում, որը խորհրդանշում է այն, ինչին մարդը ձգտում է իր ողջ կյանքում` լավ աշխատանք, փող, սեփական տուն, ազատություն, առողջություն, ճանաչում, հոգեկան հանգստություն և անգամ զվարճանք` արվեստ, երաժշտություն, սպորտ, ճանապարհորդություն։ Աշխարհում այս գրքի վաճառքները գերազանցել են 100 մլն օրինակը։ 

Թարգմանիչ Նազելի Կարապետյանը «ԱՌԿԱ Style»–ին պատմեց, որ «Ու՞ր է իմ պանիրը» գիրքը, ըստ էության, փոփոխությունների մասին է։ 

«Կյանքի ցանկացած փուլում փոփոխությունների անհրաժեշտություն է առաջանում։ Պարզապես հարկավոր է պատրաստ լինել և չվախենալ», – այսպես է բնութագրել Կարապետյանը գրքի հիմնական ուղերձը։

Խոսելով ստեղծագործական գործընթացի մասին` Կարապետյանը նշել է, որ հետաքրքիր էր, մասնավորապես, թարգմանել գրքի չորս հերոսների անունները։

«Անգլերեն դրանք անուններ չեն, այլ` բայեր, որոնք սահմանում են հերոսի էությունը` նրա գործողություններին համապատասխան։ Հարկավոր էր գտնել դրանց համարժեք անվանումները հայերեն։ Նրանք, ովքեր գիրքը կարդացել են հայերեն, շատ են հավանել անունները», – ասաց նա։ 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի գծով տնօրեն Շավարշ Կարապետյանը նշեց, որ բազմաթիվ կազմակերպություններ ձեռք են բերել այս գիրքը և բաժանել իրենց աշխատակիցներին, ինչը թույլ է տվել այդ ընկերություններին հաղթահարել ճգնաժամը։ 

«Գիրքը կարող է կյանքի ուղեցույց դառնալ, այն գրված է շատ պարզ և մատչելի լեզվով։ Գրքի հիմնական ուղերձն է փոփոխություններ կատարել կյանքում։ Գիրքն ընթերցելուց հետո ես որոշեցի մի շարք փոփոխություններ կատարել սեփական կյանքում, որոնցից մեկն էլ այս գիրքը հրատարակելն է», – ասաց Կարապետյանը։ –0–