Գրքեր

«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային էրոտիկ վեպի շարունակությունը գողացել են պաշտոնական վաճառքի հանելուց մեկ շաբաթ առաջ։ «Գրեյ» գրքի ձեռագիրը գողացել են հունիսի 9-ին, հայտնում է Vesti.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։ Հրատարակիչները վախենում են, որ գողացողները կթողարկեն ոչ բնօրինակը  կամ ԶԼՄ–ներին հատվածներ կվաճառեն ձեռագիր տարբերակից։

Ոստիկանությունը զբաղվում է այդ միջադեպի քննությամբ։ Ստուգումներ է իրականացնում նաև Penguin Randomhouse հրատարակչությունը։ Հրատարակչության ներկայացուցիչները մեկնաբանություններ չեն անում այս կապակցությամբ` նշելով միայն, որ գործով զբաղվում են իրավաբանները։

«Գրեյ» գիրքը ոչ այնքան  հայտնի եռապատումի շարունակությունն է, որքան երեք գրքերից առաջինի վերաշարադրումը համանուն հերոսի անունից։ Հաջողակ գործարար Քրիստիան Գրեյը հարաբերությունների մեջ է մտնում ուսանողուհի Անասթեյշա Սթիլի հետ, և «Մոխրագույնի 50 երանգները» պատմվում է աղջկա  անունից։  

Վեպի հեղինակ Է. Լ. Ջեյմսը պատմել է, որ շարունակությունը գրել է երկրպագուհիների բազմաթիվ խնդրանքով։ «Քրիստիանը բարդ կերպար է, և ընթերցողները միշտ հետաքրքրված են եղել նրա ոչ հեշտ անցյալով», – պատմել է նա։ Գիրքը պետք է լույս տեսնի հունիսի 18-ին` գլխավոր հերոսի ծննդյան օրը։

Ամբողջ աշխարհում վաճառվել է Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները», «50 երանգով ավելի մուգ» և «Ազատության 50 երանգները» գրքերի 125 մլն. օրինակ։ Առաջին գրքի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմ` Ջեյմի Դորնանի և Դակոտա Ջոնսոնի գլխավոր դերակատարմամբ։ Մնացած երկու գրքերը ծրագրվում է  էկրանավորել մոտ ժամանակում։ -0-