Գրքեր

Հայտնի և բազմաթիվ սերունդների կողմից սիրված դերասան Մհեր Մկրտչյանի այրին` Թամարա Հովհաննիսյանը, մեծանուն Ֆրունզիկի երկրպագուներին պատմել է, որ «պարզապես պարտավոր էր գիրք գրել` հանուն նրա հիշատակի»։ 

«Եթե ես դա չանեի, ապա դա հանցագործություն կլիներ նրանց առջև, ովքեր այդքան սիրում, հիշում են նրան։ Ես պետք է ցույց տայի, թե ինչ լուսավոր մարդ էր նա, ինչպես էր հաճոյախոսություններ անում կանանց, ինչպես էր պարում, ինչ էր սիրում, ինչպես էր դուրս գալիս բարդ իրավիճակներից, ինչպես էր խաղում բեմում և կինոյում…», – ասաց նա նախօրեին տեղի ունեցած «Չտեսնված Ֆրունզիկը» գրքի շնորհանդեսի ժամանակ։ 

Դերասանուհի և ռեժիսոր Թամարա Հովհաննիսյանն ընդգծեց, որ Մհեր Մկրտչյանը, ով ստեղծել է «փոքր մարդու» բեմական կերպար, իրականում հզոր անձնավորություն էր` մեծ հոգով և բաց սրտով։ 

«Այս մասին է վկայում այն, որ նա մինչև հիմա կենդանի է մարդկանց հիշողություններում։ Նա հիմա էլ մեր շրջապատում է», – ասաց նա։ 

Դերասանուհին կիսվեց իր հիշողություններով այն մասին, որ Մհերը մի անգամ իրեն բավականին խիստ ասել էր, – «Մի շփոթիր ինձ իմ խաղացած կերպարների հետ»։ Այդ պատճառով նրա ստեղծած դժբախտ, տխուր և միայնակ մարդու կերպարը, Հովհաննիսյանի կարծիքով, չի համապատասխանում իրականությանը։ 

«Չտեսնված Մհերը» գրքի խմբագիր, կինոգետ Զավեն Բոյաջյանը նշեց, որ գրքի ստեղծման գաղափարը ծնվել է շատ վաղուց, Մկրտչյանի մահից գրեթե անմիջապես հետո։ 

«Գրքի ստեղծման աշխատանքն այնքան բարդ էր և աշխատատար, որ ես մինչև հիմա չեմ հավատում, որ այն վերջապես հրատարակվել է։ Գիրքը բանավեճերի, տարաձայնությունների, վեճերի և հաշտեցումների արդյունք է», – ասաց նա։ 

Միաժամանակ նա պարզաբանեց, որ սկզբից նախատեսվում էր թողարկել Մկրտչյանի մասին պատմող երեք գիրք, և հիմա նա հույս ունի, որ այդ գաղափարն առաջիկա տարիներին կհաջողվի կյանքի կոչել` հատկապես հաշվի առնելով այն, որ Թամարա Հովհաննիսյանը բավականին ծավալուն արխիվ ունի։ 

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ «Չտեսնված Մհերը» գրքում և այն գրքերում, որոնք կհրատարակվեն առաջիկա տարիներին, ճշմարտացի կերպով կներկայացվի Մհեր Մկրտչյանի կենսագրությունը։ 

«Տարիներ շարունակ ստեղծվել է Մկրտչյանի սխալ կերպարը, հատկապես նրա կյանքի վերջին տարիներին, որն արմատապես կփոխվի այս գրքի շնորհիվ։ Արտիստի կյանքի զգալի ժամանակահատվածի մասին բավականին հակասական տեղեկություններ են պահպանվել», – ասաց նա։ 

Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը նշեց, որ չի կարելի բաց թողնել ոչ մի հնարավորություն պատմելու Մհեր Մկրտչյանի նման մարդկանց մասին։ Ցավոք, նրա կարծիքով, դեռևս չի ստեղծվել ոչ մի իսկապես ստույգ վավերագրական ֆիլմ մեծանուն արտիստի մասին, որտեղ կբացահայտվեր նրա իսկական կերպարը։ 

«Երբեք չեմ հանդիպել նման մեծության արտիստի, ով այդքան ինքնամոռաց նվիրված էր իր մասնագիտությանը։ Դրա համար ես սիրում և հարգում եմ նրան մինչև հիմա։ Նրա բացառիկությունն այն է, որ իր կենսագրության ողբերգականությամբ հանդերձ` նա միշտ նվիրում էր ծիծաղ և ուրախություն», – ասաց Քոթանջյանը։ 

Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը հատուկ ջերմությամբ է հիշել այն ժամանակը, երբ նա բախտ է ունեցել աշխատել Վարպետի ղեկավարությամբ։ 

«Մհեր Մկրտչյանը մեծ հանճարի կյանք է ապրել` լի հուզմունքներով, ձեռքբերումներով, վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով։ Այս ամենի մասին բոլորից լավ գիտի հենց Թամարա Հովհաննիսյանը։ Այս գրքի ծնունդը թույլ է տալիս անկեղծորեն, արդար և հուզիչ կերպով ցույց տալ մեզ համար անհայտ Մհերին», – ասաց Ներսիսյանը։ 

«Չտեսնված Մհերը» գիրքը ներառում է մոտ 260 լուսանկար, որոնք ներկայացնում են Մհեր Մկրտչյանի կյանքն ու բեմական գործունեությունը` անկեղծ և ստույգ մեկնաբանություններով։ Ֆոտոնյութերը հրապարակվում են առաջին անգամ։ Տեքստը ներկայացված է հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Շնորհանդեսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-