Գրքեր

Հայաստանում ընթերցանության քարոզմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում կայացել է Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» գրքի քննարկումը քաղաքագետ և նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ։

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը նախաձեռնել է Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը, այն ուղղված է երիտասարդության շրջանում ընթերցանության քարոզչությանը։ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նախաձեռնողներն առաջարկել են քաղաքական գործիչներին կարդալ և քննարկել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ», Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջորջ Օրուելի «1984» գրքերը։ 

Աղմուկ հանած և ժամանակին արգելված «Տարրական մասնիկներ» վեպը պատմում է միմյանց հազիվ ճանաչող երկու արյունակից եղբայրների կյանքի մասին։ Բրյունոն ուսուցիչ է, Միշելը` կենսաբան։ Միշելի նորարարական աշխատանքը կլոնավորման բնագավառում հեռացնում է սերը վերարտադրության գործընթացից։ Իսկ մարդիկ, ինչպես ապացուցում է Ուելբեքը, միայն մասնիկներ են։ 

«Միշել Ուելբեքը նախանձելի գրող է, և նրա ստեղծագործությունները մրրիկ են առաջացնում ընթերցողների շրջանում։ Հենց դա է դարձել գրքի ընթերցանության առաջին շարժառիթը»,– ասաց Սաֆարյանը։ Քաղաքագետը խոստովանեց, որ ի սկզբանե ցանկանում էր քննարկել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործությունը, բայց քանի որ գիրքն այդ պահին ընտրել էր Անահիտ Բախշյանը, Սաֆարյանը վերցրեց «Տարրական մասնիկները»։ Միջոցառման հյուրը միաժամանակ հայտնեց, որ գիրքն ընթերցել է մեծ հետաքրքրությամբ և բառացիորեն երկու օրում։ 

Ինչպես նշեց քաղաքագետը, սկզբում շատ բարդ էր ընթերցել վեպն իր ոճի, տարօրինակ կառուցվածքի և յուրօրինակ սյուժեի պատճառով։ «Առաջին 20 էջի ընթացքում մտածում էի` արդյո՞ք կբռնեմ այն թելը, որի օգնությամբ կգնամ առաջ»,– ասաց Սաֆարյանը` նշելով, որ պատկերները, ժամանակը և տարածությունը մշտապես փոխվում էին։ «Մինչև վերջին էջը ես վիճում էի գրքի հեղինակի հետ։ Այդ իմաստով գիրքը կարող եմ բացառիկ անվանել, քանի որ մինչ այս նման բան ինձ հետ չի եղել»,– խոստովանեց Սաֆարյանը։ «Դա անիրական խաղ է։ Ստեղծագործության սյուժեները, կենսագրությունները և մնացածը ստիպել են ինձ վիճել»,– ասաց Սաֆարյանը։ 

Նա կարծում է, որ յուրաքանչյուր ընթերցող «Տարրական մասնիկների» ընթերցման ժամանակ և հետո յուրովի է մեկնաբանելու ստեղծագործությունը։ Սաֆարյանն ավելացրեց, որ Ուելբեքը երկու եղբայրների կերպարներ է ընտրել այն պատճառով, որ ցանկացել է ցույց տալ ոչ միայն արևմտյան քաղաքակրթության էվոլյուցիան, այլ նաև կյանքը ընդլայնած խոնարհման աղյուսակը։

Քաղաքագետին զարմացրել է այն միտքը, որ մարդը ոչ միայն հիերարխիկ է, այլ նաև հիերարխիա է ստեղծում։ «Դա այն էր, ինչ ես գիտեի, բայց երբեք չէի կարող հստակ ձևակերպել, իսկ գրքի հեղինակը դա փայլուն ապացուցել է»,– ասաց նա։ 

Նա ավելացրեց, որ հերոսներից ոչ ոքի չի առանձնացնի, քանի որ այնտեղ շատ է ողբերգականությունը։ «Հավանաբար հեղինակը նպատակ է դրել խոսել ողբերգականության մասին, քանի որ ստեղծագործության բոլոր հերոսները տառապյալներ են»,– նշեց Սաֆարյանը։ 

«Թեև գրքի բոլոր հերոսները, կարծես թե կյանքում ժամանակավոր երջանկություն են գտել, բայց միևնույն է, բոլորն ինքնասպան են լինում 40 տարեկանից հետո։ Հենց դրանից հետո է մարդկանց մոտ «մայրամուտ» սկսվում»,– ասաց նա։
Ամռանը նախագծի առաջին փուլին մասնակցել են շոու բիզնեսի ներկայացուցիչներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և Արտակ Վարդանյանը։ -0-