Գրքեր

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում, որի նպատակը  Հայաստանում ընթերցանությունը տարածելն է, շաբաթ օրը երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ տեղի ունեցավ Միգել դե Ունամունոյի «Մառախուղ» գրքի քննարկումը։ 

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը նախաձեռնել է Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը, այն ուղղված է երիտասարդության շրջանում ընթերցանության քարոզմանը։ Նախագծի շրջանակում ընտրվել է հինգ գիրք` գերմանացի դրամատուրգ և արձակագիր Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպը, գրող Միգել դե Ունամունոյի «Մառախուղ» ստեղծագործությունը, ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը, Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» ստեղծագործությունն ու Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ստեղծագործությունը, որոնք հրատարակվել են «Անտարես» հրատարակչության կողմից և ընթերցանության համար առաջարկվել են հայտնի մարդկանց։ 

Միգել դե Ունամունո–ի–Խուգոն իսպանացի փիլիսոփա է, գրող, «1898 թ.–ի սերնդի» խոշոր դերակատար։ 

Իր «Մառախուղ» վեպում Ունամունոն շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթներն ու դրա հետ մեկտեղ ձգտում է վերադարձնել վեպը ազատ, սերվանտեսյան ոգուն։ Հենց Ունամունոյին է պատկանում գրականության գաղափարը` որպես մահ, որտեղ մյուսները կյանք են քաղում։ 

Այս վեպի գլխավոր փոխաբերությունը մառախուղն է, որը խորհրդանշում է աշխարհի ամբողջական ընկալման անհնարինությունը։ Մահվան վախը գերիշխում է մարդկանց, որոնք կորած են տիեզերքի մառախուղում։ «Մառախուղ» գրքի սյուժեն բավականին պարզ է։ Երիտասարդ մտածող Աուգուստո Պերեսը միաժամանակ երկու աղջիկների է սիրահարվում, փորձում է ուսումնասիրել կանանց հոգեբանությունը, սակայն փիլիսոփայությունը տարբերվում է իրականությունից։ Դոն Աուգուստոն խաբված է։ Սփոփվելու համար նա դիմում է Միգել դե Ունամունոյին, սակայն այստեղ ևս նրան հիասթափություն է սպասում։ Աուգուստոն իմանում է, որ Ունամունոն գոյություն չունի, ավելի ճիշտ` գոյություն ունի միայն գրող Ունամունոյի երևակայության մեջ։ Նա «Մառախուղի» մտացածին կերպարն է։ Ավելին, գրողը ծրագրել է նրա վաղաժամ մահը։ 

«Ինձ դուր է գալիս ընթերցել գրքեր սիրո մասին, և կարևոր չէ` այդ պատմությունները երջանիկ ավարտ են ունենում, թե ոչ։ Համացանցում փնտրեցի «Մառախուղ» գրքի նկարագրությունը և հասկանալով, որ գրքում ներկայացված է սիրո թեման, որոշեցի ընտրել հենց այս ստեղծագործությունը», – խոստովանեց երգչուհին։ 

Հակոբյանի խոսքերով` իր կյանքում եղել են դեպքեր, երբ նա սկսել է ընթերցել ինչ–որ ստեղծագործություն և կարդալով մի քանի էջ` գիրքը դադարել է հետաքրքրել իրեն, և ինքն անավարտ է թողել այն։ «Մառախուղը» շատ հետաքրքիր էր, և ես մեծ հաճույքով կարդացի այն», – ասաց երգչուհին։ 

Նա նաև նշեց, որ իր կարծիքով` հեղինակը մառախուղը համեմատել է հավիտենական կյանքի հետ, և երբ մարդը փորձում է ինքնասպան լինել, մնացած ամեն ինչ նրա համար մառախուղ է թվում։ 

«Գրքում հեղինակը մեջբերում է անում այն մասին, որ «սերը դադարում է սեր լինել, երբ այն բացատրում են», և ես համաձայն եմ նման դիրքորոշման հետ, քանի որ, եթե մարդն իրականում սիրում է, ապա դա կարելի է հասկանալ` պարզապես նայելով նրա աչքերին, և պարտադիր չէ բացատրել սեփական զգացմունքները», – ասաց Հակոբյանը։

2014 թ.–ի ամռանը  նախագծի առաջին փուլին մասնակցեցին շոու–բիզնեսի ներկայացուցիչներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանն ու Արտակ Վարդանյանը, իսկ նախորդ տարվա ձմռանը կազմակերպված երկրորդ փուլին մասնակցեցին քաղաքական գործիչներ Արմեն Աշոտյանը (ՀՀ ԿԳ նախարար), Արծվիկ Մինասյանը (պատգամավոր), Տիգրան Ուրիխանյանը (քաղաքական գործիչ), Անահիտ Բախշյանը (նախկին պատգամավոր, դպրոցի տնօրեն) և Ստյոպա Սաֆարյանը (պատգամավոր)։

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-