Գրքեր

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում նախօրեին երգիչ և դերասան Գարիկ Պապոյանի հետ տեղի է ունեցել Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ստեղծագործության քննարկումը։ «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծն ուղղված է Հայաստանում ընթերցանության քարոզչությանը։ 

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը նախաձեռնել է Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը, այն ուղղված է երիտասարդության շրջանում ընթերցանության քարոզմանը։ Նախագծի շրջանակում ընտրվել է հինգ գիրք` գերմանացի դրամատուրգ և արձակագիր Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպը, գրող Միգել դե Ունամունոյի «Մառախուղ» ստեղծագործությունը, ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը, Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» ստեղծագործությունն ու Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» ստեղծագործությունը, որոնք հրատարակվել են «Անտարես» հրատարակչության կողմից և ընթերցանության համար առաջարկվել են հայտնի մարդկանց։ 

Էլֆրիդե Ելինեկը վիպասան է, դրամատուրգ, բանաստեղծ և գրական քննադատ։ Նա ծնվել է 1946 թ.–ին Ավստրիայում։ Ելինեկը 2004 թ.–ին գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի։ 

«Դաշնակահարուհին» վեպը (1983), որը մեծ հաջողության էր հասել Եվրոպայում և ԱՄՆ–ում, ժամանակակից գրականության հայտնի ստեղծագործություններից է, այն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն։ Իսկ անվանի ռեժիսոր Միխայել Խանեկի կողմից «Դաշնակահարուհին» վեպի էկրանավորումը հաղթարշավով ցուցադրվում է եվրոպական երկրների կինոթատրոններում։ Վեպի էկրանավորումը 2001 թ.–ի Կաննի կինոփառատոնին արժանացել էր Գրան–պրի մրցանակի, ինչպես նաև ստացել է «նոր հարյուրամյակի կինոարվեստի առաջին նշանակալից ստեղծագործության» ոչ պաշտոնական կարգավիճակը։

«Գիրքը մի քիչ շփոթեցնում է, այն սիրող ընթերցողների համար չէ։ Գիրքը ընթերցելուց հետո ես շոկի մեջ էի, քանի որ ստեղծագործության կեսից իրադարձությունները սկսում են զարգանալ անհավանական հունով», – ասաց Պապոյանը։ 
Նա նշեց, որ գիրքն ընդհանուր առմամբ կարելի է համարել «անմարդկային», այն ընթերցելը հատուկ վերլուծություն է պահանջում։ «Այս գիրքը խորհուրդ եմ տալիս ընթերցել արթհաուսյան գրականության սիրահարներին, ովքեր կկարողանան լիարժեք գնահատել ստեղծագործությունը», – ասաց երգիչը։ 

Նրան այնքան էլ դուր չեն եկել գրքում ներկայացված իրավիճակները, սակայն վեպի ներկայացման ոճն անտարբեր չի թողել։ «Գրքում ներկայացած որոշ պահեր տհաճ էին, քանի որ դրանք բոլորն այնքան իրական ու «կեդանի» էին, որ շատ ուժեղ տպավորություն թողեցին», – նշեց Պապոյանը։  

«ԱՌԿԱ Style»–ը «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի ինֆորմացիոն հովանավորն է։ -0-