Գրքեր

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը նախաձեռնել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակում նախօրեին Երևանում քննարկվել է Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» սկանդալային վեպը։ Միջոցառման հյուրը Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նախաձեռնողներն առաջարկել են քաղաքական գործիչներին կարդալ և քննարկել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ», Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջորջ Օրուելի «1984» գրքերը։ 

Նախագծի նպատակն է ընթերցանություն քարոզել երիտասարդության շրջանում։ Այդ նպատակով ընտրվել է հինգ գիրք, որոնք հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը և առաջարկել քաղաքական գործիչներին։ Նախարարի ընտրությունը կանգ է առել հենց սկանդալային վեպի վրա։ 

«Խեցգետնի արևադարձը» հեղինակը ամերիկացի գրող Հենրի Միլլերն է։ Սա ավելի շատ ինքնակենսագրական վեպ է։ Գիրքը լայն ճանաչում է ստացել սեռական տեսարանների վառ ու անկեղծ նկարագրությունների շնորհիվ։ «Խեցգետնի արևադարձը» «Այծեղջյուրի արևադարձը» և «Սև գարունը» գրքերը միասին ինքնակենսագրական եռապատում են կազմում։ 

«Երբ ես ստացա առաջարկված գրքերի ցուցակը, զբաղվածության պատճառով չկարողացա դրանց ծանոթանալ։ Ավելի ուշ, երբ ես, այնուամենայնիվ, նայեցի ցուցակը, որոշ գրքերն արդեն ընտրել էին մյուս մասնակիցները, և ես որոշեցի, որ եթե չքննարկեմ Միլլերի վեպը, ապա ոչ ոք չի անի։ Այդ պահին ես հասկացա, որ իմ մյուս գործընկերները թույլ չեն տա իրենց մասնակցել նախագծին հենց այդ գրքով։ Սա կարելի է բառացիորեն իմ դատավճիռը համարել»,– ասաց Աշոտյանը քննարկման ժամանակ։ 

Աշոտյանը նշեց, որ յուրաքանչյուրը կարող է յուրովի ընկալել այդ գիրքը, և այս հարցում պետք չէ ամբողջությամբ հաշվի առնել շրջապատողների կարծիքը։ 

Նրա ծանոթացել է Միլլերի ստեղծագործություններին դեռևս 90–ականներին` արտասահմանյան գրականության մասին ամսագրերից։ 

«Միանգամից ասեմ, որ գիրքը պոռնոգրաֆիկ չեմ համարում։ Ես ծանոթ եմ Միլլերի ամբողջ եռապատմանը։ Կարծում եմ` Օմար Խայամի պոեզիան ընթերցելիս ավելի շատ էրոտիզմ է նկատվում, քան Միլլերի իրատեսական ձևակերպումներն ընթերցելիս։ Այո, նախորդ դարի 30–ական թվականների համար այն, հնարավոր է, սենսացիա էր, բայց արդեն 2000–ականներին մարդիկ այնքան բան են տեսել և կարդացել, որ այսօր դա արդեն «ռումբ» չէ»,– խոստովանեց Աշոտյանը։ 
Նախարարը կարծում է, որ գիրքը Միլլերի ամբողջ ինքնակենսագրությունը չէ, քանի որ նույնիսկ ամենաիսկական էքստրավերտը չի բացում ամենը, ինչ թաքնված է հոգում։ 

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօր էլ վեպը չի կորցրել իր արդիականությունը։ Չէ՞ որ հեղինակը գրեթե 100 տարի առաջ պատմել է այն, թե ինչպես է կատարվում ինքնաոչնչացումը։ Միլլերը մատնանշում էր այն, ինչ տեսնում ենք այսօր` մարդկությունը նորույթներ է ստեղծում և միաժամանակ ոչնչանում դրանից»,– ասաց Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ գիրքը գրվել է ինդուստրիալիզացման ժամանակահատվածում, իսկ այսօր, երբ այդ միտումն ավելի է ուժեղացել, վեպն ավելի արդիական է դարձել։
«Ես գիրքը կարդացել եմ և՛ ռուսերեն, և՛ հայերեն։ Երկու թարգմանությունն էլ, իմ կարծիքով, հաջող են»,– ասաց Աշոտյանը։ 

Թեև գիրքը նախարարի վրա առանձնապես մեծ տպավորություն չի գործել, այնուամենայնիվ նա կոչ արեց երիտասարդությանն ընթերցել տարբեր ժանրերի և հեղինակների գործեր` վերածնելով «հին ու բարի ավանդույթները», երբ երիտասարդությունը հպարտանում էր ոչ թե նյութական բարիքներով, այլ` ընթերցած գրքերի քանակով։ 

Բացի Աշոտյանից, նախագծին կմասնակցեն պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանը, Անահիտ Բախշյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ 
Ամռանը նախագծի առաջին փուլին մասնակցել էին շոու բիզնեսի ներկայացուցիչներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և Արտակ Վարդանյանը։ 

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի տեղեկատվական հովանավորն է։ -0-