Գրքեր

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը նախաձեռնել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակում Երևանում քննարկվել է Ստենդալի «Կարմիր և սև» գիրքը: Միջոցառման հյուրը Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր:

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նախաձեռնողներն առաջարկել են քաղաքական գործիչներին կարդալ և քննարկել Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ», Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջորջ Օրուելի «1984» գրքերը։ 

Նախագծի նպատակն է ընթերցանություն քարոզել երիտասարդության շրջանում։ Այդ նպատակով ընտրվել է հինգ գիրք, որոնք հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը և առաջարկել քաղաքական գործիչներին։ Նախարարի ընտրությունը կանգ է առել հենց սկանդալային վեպի վրա։ 

Ստենդալի` իր ժամանակին արգելված գիրքը` «Կարմիր և սև» վեպը հրապարակվել է 1803 թվականին` Հուլիսյան հեղափոխությունից հետո: Վեպի գործողությունը կատարվում է 1820-ական թվականներին:

Իրադարձությունների կենտրոնում երիտասարդ Ժուլյեն Սորելի ճակատագիրն է, ում գրավչությունն ու հմայքը նրա համար ուղի հարթեցին գավառական խուլ քաղաքից դեպի Ֆրանսիայի բարձր աշխարհը:

«Կարմիրը` սպայի կարիերան է, «սևը»` հոգևորականի: Այդ երկու ուղիները նրա առջև բաց էին կանանց հովանավորչության շնորհիվ: Բայց մեկ ակնթարթում ամեն ինչ փոխվեց…»

«Չափազանց անկեղծ կլինեմ… Կարդացել եմ «Կարմիրը և Սևը» մոտ 18 տարի առաջ և այդքան էլ հիացած չեմ»,- ասաց Ուրիխանյանը:

Պատգամավորը խոստովանեց, որ դրամայի սիրահար չէ, հատկապես` հոգեբանական դրամայի: Միջոցառման հյուրը նշեց, որ ուսանողական տարիներին ստիպված էր կարդալ գիրքը, իսկ քննարկումից առաջ այն ընթերցել չի հասցրել: 

«Ստիպված եմ եղել կարդալ այդ գիրքը շատ տարիներ առաջ, բայց չեմ կարծում, թե իմ ընտրությունը կանգ կառներ այս գրքի վրա, եթե այլ մասնագիտություն ունենայի, իսկ ես գրականագետ և լեզվաբան եմ»,- ասաց Ուրիխանյանը:

Պատգամավորի խոսքով, ստեղծագործությունը վիրտուոզային է, բայց չէր կարդա այն հաճույքի համար:

«Ես բարոյական նախընտրություններ ունեմ` ինձ դուր չեն գալիս այն տղաները, ովքեր գյուղերից գալիս են քաղաք և այն գրավելու համար, սկսում են «թռնել» տարբեր կանանց գիրկը… Ինչի՞ համար»,- ասաց պատգամավորը: «Եթե խոսենք բարոյական արժեքների մասին, ապա ի՞նչ կարող է մեզ սովորեցնել այս ստեղծագործությունը»,- ասաց Ուրիխանյանը:

Գլխավոր հերոս Ժուլյենը, քաղաքական գործչի խոսքով, ինչ-որ լավ արարքներ իր կյանքում կատարել է, բայց ընդհանուր առմամբ սխալ ուղի է ընտրել:

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի տեղեկատվական հովանավորն է։ -0-