Գրքեր

Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը նախաձեռնել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակում Երևանում քննարկվել է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը։ Միջոցառման հյուրը ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու խորհրդում «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն էր:

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի նախաձեռնողներն առաջարկել են քաղաքական գործիչներին կարդալ և քննարկել «Անտարես» հրատարակչության թողարկած հինգ գիրք` Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք», Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկներ», Ստենդալի «Կարմիրը և սևը», Ջորջ Օրուելի «1984» գրքերը։ Նախագծի նպատակն է ընթերցանություն քարոզել երիտասարդության շրջանում։

Անգլիացի գրող Ջեյն Օսթինի` 1813 թվականին տպագրված «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը պատմություն է սովորական ընտանիքից սերող մի երիտասարդ աղջկա մասին, ով իր ուժեղ բնավորության և բնածին խելքի շնորհիվ կարողացել է կոտրել հասարակության մեջ արմատացած կարծրատիպերը և իսկական սեր գտնել։ Անցնելով մի քանի դարաշրջանների փորձությունները` վեպը շարունակում է համաշխարհային դասականների լավագույն նմուշներից մեկը մնալ։

Բախշյանը մի փոքր անսպասելի սկսեց քննարկումը։ «Անկեղծ ասած` ես կնախընտրեի քննարկել «1984» վեպը, բայց գիրքն ընտրել էր Արծվիկ Մինասյանը։ Չեմ թաքցնի, որ երբ սկսեցի կարդալ, սկզբում հիասթափվեցի։ Հինգ աղջիկների մոր կերպարն ինձ բարկացնում էր։ Մտածում էի` «այսքան ժամանակ կորցնե՞լ կարդալու համար, թե ինչպես է այդ կինը պատրաստվում ամուսնացնել իր դստրերին»»,–ասաց նա։ 

Հետո նշեց, որ «տնային առաջադրանքը» կատարելու ընթացքում համոզվել է, որ չկա մի գիրք, որն ինչ–որ մտքեր չծնի, ինչից հետո էլ պարզ է դառնում, որ իզուր չես այն կարդացել։ 

«Կարդալով «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքն օգոստոսին և իմանալով, որ ներկայացնելու եմ այն, մտածում էի, թե որն է գրքի կարմիր թելը, գլխավոր գաղափարը։ Իմ կարծիքով, այդ գիրքը նախապաշարմունքների աղբյուր հանդիսացող կարծրատիպերի և դրանք հաղթահարելու մասին է»,– ասաց Բախշյանը։

Ըստ նրա, գրքի հերոսների հաղթահարած գլխավոր կարծրատիպն այն է, որ ամուսնությունները պետք է կայանան միայն նույն խավի սահմաններում` հասարակությունում ունեցած դիրքով և կարողությամբ հավասար մարդկանց միջև։

«Այսօր մենք հաշտվել ենք այն դարաշրջանի մարդկանց համար անընդունելի շատ երևույթների հետ։ Օրինակ` մենք հաշտվել ենք այն մտքի հետ, որ երիտասարդները կարող են միասին ապրել մինչ ամուսնությունը` իրար ավելի լավ ճանաչելու համար։ Ես էլ, թեև դժվարությամբ, բայց ընդունել եմ այդ տեսակետը։ Չեմ կարող ասել, թե դա դյուրին էր անել, քանի որ ինքս երեք դուստրերի մայր եմ։ Եվ որքան էլ դատապարտեի գլխավոր հերոսուհու մորը, հասկանում եմ նրան, որովհետև վերապրում էի նույնը»,– ասաց Բախշյանը։ 

Նա կարծում է, որ նախապաշարմունքը վտանգավոր է, սակայն համոզված է, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան ծնում է իր կարծրատիպերը, որոնց դեմ պետք է կարողանալ պայքարել։

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի տեղեկատվական հովանավորն է։ -0-