Գրքեր

Հայտնի հայ էստրադային երգիչները միացել են ընթերցանության քարոզմանն ուղղված «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի երրորդ փուլին։

Նախագծի երրորդ փուլում հավանության է արժանացել օտարազգի գրողների 5 գիրք, որոնք կներկայացնեն Արամ MP3–ը, Գարիկ Պապոյանը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը և Սոնա Ռուբենյանը։

«Ես նախագծի մասին գիտեի դեռևս նախագծի մասնակցության հրավեր ստանալուց առաջ, ես հետևում էի սոցցանցում դրա զարգացմանը։ Այն ժամանակ դեռևս չէի կարող պատկերացնել, որ կդառնամ նախագծի մասնակից»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Նա նշեց, որ ծրագրին ներկայացված որոշ գրքեր իրեն ծանոթ էին, բայց Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» ստեղծագործությունը, որը նա ընտրեց, և որը նախկինում չէր կարդացել, նրա համար հաճելի անակնկալ դարձավ։ 

«Հույս ունեմ, որ ես որպես այս նախագծին մասնակցող ուսանողուհի կկարողանամ ազդել, որ իմ հասակակիցները նույնպես սկսեն լավ գրականություն ընթերցել»,– ընդգծեց երգչուհին։ 

Սոնա Ռուբենյան

«Անտարես» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր հերթին ասաց, որ նմանատիպ նախագծերի օժանդակությունը շատ կարևոր է։ 

Նա օրինակ բերեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով Գիրք նվիրելու միջազգային օրը նախարարներին նվիրեց հայտնի հայ քաղաքական գործիչ, պատմաբան (հանգուցյալ) Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գիրքը, իսկ մեկ շաբաթ անց գրախանութներում այդ գիրքը վաճառքում այլև չկար։ 

«Ես կոչ եմ անում մեր վարչապետին ԱԺ յուրաքանչյուր նիստում մեկական գիրք նվիրել… Շատ կարևոր է, որ հայտնի մարդիկ խոսեն գրականության մասին»,– նշեց Մարտիրոսյանը։

Նա ավելացրեց նաև, որ Հայաստանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բավականին ցածր է հարևան Վրաստանի համեմատ, որտեղ 19 անգամ ավելի են կարդում։

Արմեն Մարտիրոսյան

Նախագծի երրորդ փուլում կկազմակերպվեն հետևյալ գրական քննարկումները` երգչուհի Քրիստինե Պեպելյանը կքննարկի Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» գիրքը (միջոցառման անցկացման օրն առայժմ հայտնի չէ), Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» վեպի քննարկումը կկայանա մայիսի 23–ին երգչուհի Սիլվա Հակոբյանի հետ, իսկ երգիչ Արամ MP3–ի հետ ծրագրվում է Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպի քննարկումը (օրը նույնպես հայտնի չէ)։

«Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը նախաձեռնել է Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը և ուղղված է երիտասարդության շրջանում ընթերցանության քարոզչությանը։

2014 թվականի ամռանը նախագծի առաջին փուլին մասնակցել են շոու բիզնեսի ներկայացուցիչները` Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և Արտակ Վարդանյանը, իսկ նախորդ տարվա ձմռանը կայացած երկրորդ փուլին մասնակցել են հայ քաղաքական գործիչները` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը, քաղաքական գործիչ Տիգրան Ուրիխանյանը, նախկին պատգամավոր, դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը և փոձագետ Ստյոպա Սաֆարյանը։ 

«ԱՌԿԱ Style»–ը նախագծի տեղեկատվական հովանավորն է։ -0-