Գրքեր

Երևանի «Stop» ակումբում մայիսի 13-ին կազմակերպվել էր երիտասարդ հեղինակ Վլադիմիր Հովհաննիսյանի «Երեքը Ֆեյսբուքում` չհաշված ֆեյքերը» գրքի շնորհանդեսը։

Գրքում ինքնատիպ ոճով ներկայացվում է Facebook սոցիալական ցանցը, օգտատերերի փոխհարաբերությունները, շփումը, ինչպես նաև` հայ օգտատերերի առավել արտահայտված ակտիվությունը ցանցում։ 

«Գիրքը կարող է հետաքրքել Facebook–ի ակտիվ օգտատերերին, քանի որ նրանք կարող են տեսնել իրենց»,– կարծում է հեղինակ Վլադիմիր Հովհաննիսյանը։ 

Ըստ նրա, այս գրքի անվանումը անգլիացի հումորիստ գրող Ջերոմ Ք.Ջերոմի «Երեքը նավակում` չհաշված շունը» հայտնի գրքերի ձևափոխված տարբերակն է։ 

«Այսպիսի գիրք գրելու նպատակն էր ներկայացնել Facebook սոցիալական ցանցը, քանի որ այն մեր կենցաղի անբաժան մասնիկն է, իսկ ոմանց համար` նույնիսկ երկրորդ տունը։ Եթե այսօր բազմաթիվ գրողներ գրում են սիրո և այլ զգացմունքների մասին, ինչու՞ չգրել նաև Facebook–ի մասին, եթե այնտեղ կա այդ ամենը»,– ավելացրեց Հովհաննիսյանը։ 

Նա նշեց նաև, որ գիրքը կհետաքրքրի ոչ միայն երիտասարդ լսարանին, այլ նաև` տարբեր տարիքային կատեգորիաների մարդկանց, քանի որ սոցցանցից այսօր օգտվում են գրեթե բոլորը։ 

Վիրտուալ կյանքն այսօր սերտորեն կապված է իրական կյանքին, և դրանք որոշակիորեն լրացնում են միմյանց։ Այն ամենը, ինչ կատարվում է վիրտուալ կյանքում, շատ արագ տեղափոխվում է իրականություն, և հակառակը»,– նշեց երիտասարդ գրողը։ 

«Երեքը Ֆեյսբուքում` չհաշված ֆեյքերը» գիրքը վաճառվում է մայրաքաղաքի գրախանութներում։ -0-